Մալայզիայի օդանավի կործանման պատճառը ՈՒկրաինայի անջատողականների կողմից վերահսկվող տարածքից արձակված հրթիռն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Վերջինս կատարվածն անվանել է «աննախադեպ մասշտաբների սկանդալ» և վստահեցրել, որ ինքն անձամբ կհետևի, որ ավիավթարի մասին ճշմարտությունը բացահայտվի: Օբաման հիշեցրել է, որ անջատողականներն ՈՒկրաինայի արևելքում խփել են ինքնաթիռներ դրանից առաջ էլ և նշել, որ նրանց աջակցում է Ռուսաստանը՝ զենքի, փորձառու մասնագետների և նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով:
«ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրել միջազգային հետաքննությանը: Հետաքննությունների դաշնային բյուրոն ու տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովը մեծ փորձ են կուտակել օդանավերի կործանման հետաքննության ասպարեզում: Նրանց ներկայացուցիչներն արդեն մեկնել են ՈՒկրաինա», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ մալայզիական «Բոինգը» կործանվել է ՈՒկրաինայի Դոնեցկի շրջանում՝ հունիսի 17-ին: Օդանավի 283 ուղևորները (3-ը՝ մանկահասակ երեխա) և անձնակազմի 15 անդամները զոհվել են: