Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե դադարել է հեռախոսով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ շփվել: «Նախկինում ես զանգում էի անմիջապես նրան: Քանի որ չեմ կարողանում ակնկալվող արդյունքներին հասնել Սիրիայի հարցով, մեր արտգործնախարարներն են զանգում իրար»,- ասել է Էրդողանը ուղիղ եթերում ATV-ին տված հարցազրույցում: «Բայց ես խոսել եմ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Նա ինձ զանգահարում է, ես էլ իրեն եմ զանգահարում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը առանց մանրամասնելու նաև ասել էր, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ Վաշինգտոնից»: Հայտարարությունն արվել է Սիրիայի ու Գազայի հարցերով Անկարայի և Վաշինգտոնի միջև աճող լարվածության ֆոնին: Թուրքիան իրեն դավաճանված է զգում Սիրիայի հարցում, երբ ԱՄՆ-ն հետ է կանգնել Դամասկոսի դեմ ռազմական գործողության մտքից: