ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ հեռախոսազրույցում Եվրոպային կոչ է արել խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի, ընդգծելով, որ Մոսկվան լրացուցիչ գին կվճարի, եթե չդադարի աջակցել ՈՒկրաինայում կռվող անջատողականներին՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Օբաման ողջունել է Եվրամիության պատրաստակամությունը՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր «ապակայունացնում են իրավիճակն ՈՒկրաինայում»: Նա նաև սպառնացել է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, եթե նա հրաժարվի ազդել զինյալների վրա: «Նախագահն ու վարչապետն իրենց անհանգստությունն են հայտնել այն ակնհայտ փաստերի առնչությամբ, ըստ որոնց՝ ՌԴ-ն շարունակում է զինել ապստամբներին, միևնույն ժամանակ շարունակելով ավելացնել սեփական զինված ուժերը»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: