Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հուլիսի 23-ի երեկոյան հրաժարական է ներկայացրել: Խորհրդարանը հուլիսի 25-ին կարող է քվեարկել հրաժարականի օգտին: Հենց այդ կառավարությունն է՝ ձևավորված բուլղարական սոցիալիստական կուսակցության և թուրքական փոքրամասնության կուսակցության կողմից, որոշում կայացրել «Հարավային հոսք» նախագիծը սառեցնելու մասին, որը պետք է ապահովեր ռուսական գազի տեղափոխումը Եվրոպա՝ շրջանցելով ՈՒկրաինան: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անտուան Կոլոմբանին ավելի վաղ հայտնել է, որ Եվրահանձնաժողովը խնդրել է Բուլղարիային դադարեցնել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը՝ մինչ ԵՄ-ի հետ խնդիրը պարզելը: Խոշոր ենթակառուցվածքային նախագծի սառեցումը սուր քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Նախկին վարչապետ և ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մեղադրել է երկրի կառավարությանը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագիծը տապալելու համար և կոչ արել կառավարությանը հրաժարական տալ:
Երեկ՝ հուլիսի 23-ին, Բուլղարիայի նախագահը հանդես է եկել «Հարավային հոսքի» կառուցման դադարեցման օգտին: