Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության մասին։
Աստանայում «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է. «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում, չեն կատարվում, Ղազախստանն ունի լիարժեք իրավունք հրաժարվելու Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից։ Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախությանը»։
«Մեր անկախությունը մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը։ Նախ՝ մենք երբեք չեն հանձնի մեր անկախությունը, երկրորդ, մենք կանենք հնարավորը՝ այն պահպանելու համար»,- ասել է Նազարբաևը։
Ըստ կայքի՝ Ղազախստանի նախագահի խոսքերը հետևել են օգոստոսի 29-ին «Սելիգեր» երիտասարդական ֆորումում ՌԴ նախագահի խոսքին, որ Նազարբաևը ստեղծել է պետություն մի տարածքում, «որտեղ պետություն երբեք չի եղել»։
Մի քանի օր առաջ Նազարբաևը մեկ այլ հարցազրույցում ակնարկել էր, որ երկրի ռուս բնակչության տեսակարար կշիռն աստիճանաբար փոքրանում է, և ռուսաց լեզուն Ղազախստանում արդեն ձևականորեն է հռչակված պետական լեզու, քանի որ երկրի ներսում թղթաբանությունն իրականացվում է ղազախերենով: Ղազախստանի ռուս բնակչությունը Ռուսաստանի համար դադարում է լծակ լինելուց, ինչպես ՈՒկրաինայում: