Թբիլիսիում տեղի են ունեցել Վրաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարությունների խորհրդակցություններ, որոնց ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը, հատկապես տնտեսական կապերի ակտիվացման ոլորտում: Վրաստանի ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ժամանակ ղազախական կողմը աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ղազախստանը գործնականում հաստատել է, որ չի պատրաստվում աջակցել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անդամակցությանը Եվրասիական միությանը: Աբխազիայի ղեկավարությունը դիմել էր Նազարբաեւին՝ անկախությունը ճանաչելու եւ Եվրասիական միությանն անդամակցելու համար: Ղազախստանը ցուցադրաբար տնտեսական հարաբերություններ է հաստատում Վրաստանի հետ, որի հետ ազատ առեւտրի ռեժիմը ցանկանում է վերացնել Ռուսաստանը:
Բելառուսական թերթերից մեկում հրապարակված «Երբ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը կհաղթահարեն Պուտինի թելադրանքը» հոդվածում նշվում է, որ Եվրասիական միությունը շուտով կարող է փլուզվել, եւ ոչ միայն Պուտինի հավակնությունների պատճառով, այլեւ այն, որ Մոսկվան ցանկանում է Եվրասիական միություն ներգրավել Հայաստանին, իսկ դա նշանակում է՝ նաեւ Ղարաբաղին, որի դեմ հանդես է գալիս Աստանան, գրում է թերթը:
Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող Ղազախստանը պնդելու է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա նշանակում է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ վեհաժողովի ժամանակ Աստանան կարող է կրկին թույլ չտալ Հայաստանի անդամակցությունը, պահանջներ առաջ քաշելով Ղարաբաղի վերաբերյալ: