Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը
06.09.2014 | 12:04

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»-, ասված է այսօր ՈՒելսում ընդունված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
«Այս համատեքստում մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հիմնվելով հիշյալ սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- հայտարարում են դաշինքի անդամները:
«Այս հակամարտությունների գոյությունը մտահոգություն է պատճառում և նվազեցնում է տարածաշրջանի ժողովուրդների ողջ ներուժի բացահայտումը՝ որպես եվրաատլանտյան համայնքի անդամների: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական լինել և ամուր քաղաքական կամք դրսևորելով մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»,- ասված է հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածում։
Հիշեցնենք, որ երեկ ելույթ ունենալով գագաթնաժողովի ամբիոնից՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը։
«Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում», - ակնարկելով Թուրքիային՝ ասել է Սերժ Սարգսյանը։
Պաշտոնական Երևանը, ինչպես հայտնի է, դժգոհել է ՆԱՏՕ-ի վերջին մի քանի գագաթնաժողովների ընդունած հռչակագրերից, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի մասին պարբերությունում նշվում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ շրջանցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Փաստորեն այս անգամ ևս գագաթնաժողովի հռչակագրում ոչ մի նշում չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։

Աղբյուրը`azatutyun.am

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ