Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին համաձայն է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ իրանցի պաշտոնատարների շփումներին՝ BBC-ի հետ զրույցում հաստատել է Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյան:
Իրաքի հյուսիսից ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում արդեն ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձանց հանդիպումներ են անցկացվում՝ կապված «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման ընդլայնման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Երկու երկրները, որոնց դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980-ին, համամիտ են, որ «Իսլամական պետություն» խմբավորումն այժմ ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:
Վերջերս Իրանը զենք-զինամթերք է մատակարարել ինքնապաշտպանության քրդական ուժերին, որոնք կռվում են Իսլամական պետության գրոհայինների դեմ: Նրանց զենք է մատակարարում նաև Պենտագոնը, իսկ ամերիկյան ավիացիան միաժամանակ հրթիռային հարվածներ է հասցնում Իսլամական պետության դիրքերին: