ՆԱՏՕ-ն հաստատել է միջոցառումների փաթեթը, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Այսօր մենք համաձայնեցրել ենք միջոցառումների փաթեթը Վրաստանի համար, որը կօգնի առաջ շարժվել դաշինքին անդամակցությանը նախապատրաստվելու համար»,- ասել է նա:
Վրաստանի պաշտպանության նախարար Ալասանիան հայտարարել է, որ ՈՒելսի գագաթնաժողովի որոշմամբ՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմաբազա կտեղակայվի: Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու որոշումներ է կայացրել, որոնցով Վրաստանի հետ համագործակցության մակարդակը հասցրել է առաջին աստիճանի, ինչն ամենասերտ մակարդակն է անդամությունից առաջ:
Այս որոշումները պայմանավորված են ներկա աշխարհաքաղաքական իրավիճակով և հանդիսանում են Վրաստանի Եվրաասոցացման համաձայնագրի քաղաքական արդյունք, որոնք կոչված են զսպելու Ռուսաստանի հավանական ագրեսիան Վրաստանի դեմ: ՆԱՏՕ-ի այս որոշումները, հատկապես Վրաստանում համատեղ ռազմաբազայի առկայությունը, արմատապես փոխում են իրավիճակը Հարավկովկասյան տարածաշրջանում: Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը կլինի տարածաշրջանային անվտանգության և կայունության հուսալի գործոն: