ՈՒելսում ՆԱՏՕ-ի վեհաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել, որտեղ անդրադարձ կա Հարավային Կովկասի երկրներին ու հակամարտություններին: Հռչակագրում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան և Արևելյան Ուկրաինայում ռազմական միջամտությունը մտահոգություն են առաջացրել Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանում: Դաշինքը շարունակելու է աջակցել գործընկերների՝ առանց արտաքին ճնշման ու պարտադրանքի արտաքին և անվտանգության քաղաքականության անկախ ու ինքնիշխան ընտրութուն կատարելու իրավունքին: Դաշնակիցները հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելու գործին:
Այս համատեքստում մենք շարունակելու ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Այս տևական հակամարտությունների առկայությունը շարունակում է մտահոգության առարկա լինել, որոնք խոչընդոտում են տարածաշրջանի քաղաքացիների՝ իրենց ողջ ներուժը բացահայտելու հնարավորություններին՝ որպես Եվրատլանտյան համայնքի անդամների: Մենք հորդորում ենք կողմերին կառուցողական լինել և քաղաքական կամք ցուցաբերել բանակցությունների հաստատված ձևաչափի շրջանակում հակամարտության խաղաղ լուծման համար»: