ՀՀԿ-ն ՈՒելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը անչափ կարևոր և արդարացված է համարում՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կարևորել է, որ «այդ ամբիոնից ՀՀ նախագահը ադրբեջանական պետությունը որակեց որպես բռնակալական, և երկրորդ՝ Թուրքիան ներկայացվեց որպես Ադրբեջանի շահերի պաշտպան»:
Խոսելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումից, Շարմազանովը նշել է, որ այդ հանդիպումը «ապացուցեց և արձանագրեց մի շարք կարևոր փաստեր. «Փաստ համար մեկ՝ խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է, և ցանկացած ռազմական լուծում անթույլատրելի է: Սա մեսիջ է և ուղիղ մեսիջ է թե բռնատիրական Ադրբեջանին, թե նրա հովանավոր Թուրքիային: Փաստ համար երկու՝ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխության ենթակա չէ, և ցանկացած իրավիճակի սրում անթույլատրելի է»:
Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածին, շեշտելով, որ չի կարող ասել, թե գոհ են դրանից։
«Հռչակագրում կան կետեր, կան արտահայտություններ, որոնք չեն բխում հայկական կողմերի շահերից և առհասարակ իրականության հետ որևէ կապ չունեն»,- ասաց ՀՀԿ խոսնակը, սակայն, Շարմազանովի խոսքով, կարևոր է, որ հռչակագրում նշվում է խնդրի խաղաղ կարգավորման, առկա ձևաչափերը պահպանելու մասին:
«Այսինքն, կարող եմ ասել, որ ադրբեջանա-թուրքական գործարքը չիրականացավ, և նրանց ցանկությունը՝ փոխել ձևաչափը, ճնշում գործադրել բանակցությունների վրա, շարունակել ռազմատենչ հռետորաբանությունը, այլընտրանքային տարբերակ պահել որպես ռազմական լուծում, մենք տեսանք, որ թե պետքարտուղար Քերին դրա մասին խոսեց, թե ավելին՝ դրանից առաջ նախագահներ Օլանդի և Սարգսյանի հանդիպման ժամանակ խաղաղ բանակցությունները և Մինսկի խմբի պահպանումը կարևորեց մեկ այլ համանախագահ երկրի նախագահ պարոն Օլանդը, և նաև մենք տեսանք, որ հռչակագրում ևս այդ կետերը ամրագրված էին»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը: