Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը «խուճապային քայլեր» է անվանել Մեծ Բրիտանիայի թագավորության այդ հատվածին ավելի մեծ ինքնավարություն տրամադրելու կառավարության ծրագիրը, եթե շոտլանդացիները անկախության դեմ քվեարկեն՝ հաղորդել է ԲիԲիՍին: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ասել էր, որ կառավարությունը պատրաստ է Շոտլանդիային տնտեսական ավելի մեծ ինքնուրույնության տալ, եթե սեպտեմբերի 18-ի հանրաքվեում Շոտլանդիան հրաժարվի անկախությունից: Ալեքս Սալմոնդը կարծում է, որ արդեն ուշ է նման որոշումներ ընդունել. «Վեստմինստերյան ամբողջ էլիտան տանուլ է տալիս հանրահավաքային քարոզարշավը, իսկ Շոտլանդիայի բնակիչները հաղթում են»,-եզրակացնում է առաջին նախարարը:
Օսբորնի հայտարարությունը հետևել է YouGov ծառայության և Sunday Times թերթի հարցումներին, որոնց արդյունքներով անկախությանը կողմ շոտլանդացիների թիվն առաջին անգամ հասել է 51%-ի, դեմ է 49%-ը: Մինչ այդ հայտարարվում էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի կարծում, թե շոտլանդացիները կողմ կքվեարկեն Թագավորությունից անջատվելուն և չի նախապատրաստում արտակարգ ծրագրեր, եթե հանրաքվեի արդյունքները այլ լինեն: Եթե սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները հանրաքվեին կողմ քվեարկեն, 2016-ի մարտի 24-ին
Շոտլանդիան դուրս կգա Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կազմից: Լոնդոնը պնդում է, որ Շոտլանդիայի անկախացումը կողմերից ոչ մեկին օգուտ չի տա: