Շվեդիայում ապրող ադրբեջանցի գրող-հրապարակախոս Վահիդ Ղազին «Qafgazinfo.az» կայքում հրապարակված բաց նամակում խոսում է այն մասին, որ նախօրեին քաղաքում տեսել է համերգի մի ազդագիր, որի ծրագրում եվրոպական երաժշտության դասականների շարքում եղել է նաև Արամ Խաչատրյանի անունը։
«Սա ինձ հիշեցրեց մանկությունս, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվող խորհրդային ֆիլմերի ու հաղորդումների տիտրերում փնտրում էի ադրբեջանական ազգանուններ և երբ գտնում էի նման բան, չէի կարողանում հասկանալ` դա ադրբեջանակա՞ն ազգանուն է, թե՞ մեկ այլ մահմեդական ժողովրդի։ Բայց ամեն անգամ հանդիպում էի հայկական կամ վրացական ազգանունների, առնվազն նվագախմբի դիրիժորը հայ էր լինում։ Մի անգամ տեսնելով «Նիկոլո Պագանինի» կինոնկարի գլխավոր հերոսի դերակատար Վլադիմիր Մսրյանի ազգանունը, ես հարցրի հորս. «Ամեն տեղ հայեր են, նրանք այդքան շա՞տ են»։ «Շատ չեն, նրանք ուղղակի զարգացած են, ակտիվ են ու շրջահայաց։ Օգնում են միմյանց, օժանդակում։ Դրա համար էլ երևում են ամեն տեղ»,- պատասխանեց հայրս»,- վերհիշում է Ղազին։
Հեղինակը նշում է, որ մեծանալով, ինքն այդ ամենը նկատել է ամենուրեք. Նյու Յորքի կենտրոնական փողոցներից` «Petrossian» ռեստորանի փայլփլուն ցուցափեղկերից մինչև շվեդական գյուղական գրադարաններ, ուր գովազդվում էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրքը։
«Ստալինգրադի ճակատամարտը» խորհրդային ֆիլմի համար հեռավոր 40-ականներին Արամ Խաչատրյանի գրած սյուիտի ներառումը այդ փոքր քաղաքի երաժշտախմբի նվագացանկում ինձ ամենևին չզարմացրեց։ ՈՒզում եմ ասել, որ մենք տանուլ ենք տվել ոչ միայն Ղարաբաղում, և դրա համար մեղավոր են Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, ովքեր ասես, բայց միայն ոչ մենք ինքներս»,- նշում է հեղինակը։
Ղազիի խոսքերով ասած, ադրբեջանցիները չեն ճանաչել ոչ միայն իրենց կողքի հային, որն իրենցից ոչնչով չէր տարբերվում, այլև մոլորակի մյուս ծայրում ապրող հային։ «Մենք չգիտեինք, որ Ղարաբաղում տանուլ ենք տվել ոչ միայն «միացումականներին»։ Մենք տանուլ ենք տվել պատերազմում` մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքական գործիչ Միկոյանին, այլախոհությանը` ի դեմս Պարույր Հայրիկյանի, իրավապաշտպանության ոլորտում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության ասպարեզում` Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության ասպարեզում` Միշել Լեգրանին, ջութակահար Սամվել Երվինյանին, դուդուկահար Ջիվան Գասպարյանին, ուդահար Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության ասպարեզում` Վիլյամ Սարոյանին, գեղանկարչության մեջ` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանական արվեստում` Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում` Քիմ Քարդաշյանին, վաստակել կարողանալու գործում` Քըրք Քրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստղաֆիզիկայում` Վիկտոր Համբարձումյանին, վարսավիրական գործում` Մովսեսին, արհեստագործության մեջ` Աշոտին, թթու դնելու գործում` Հայկանուշին»,- ասում է հեղինակը։
Ինչպես նշում է Ղազին, ադրբեջանցիներն այս ամենի պատճառը համարում են հայերի կեղծարարությունը, նրանց սուտը, նենգությունը, քրիստոնեությունը, եկեղեցին, նրանց օգտակարությունը Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին, ինչպես նաև դավաճանությունը, բայց երբեք պատճառը չեն փնտրում իրենց մեջ։ Իսկ վերը թվարկվածներից յուրաքանչյուրը, հեղինակի կարծիքով, հաջողության է հասել, ճանաչված է դարձել և ճանաչված դարձրել իր ժողովրդին, որովհետև նրա թիկունքին կանգնած են եղել շատ հայեր, համախումբ հանրություն։
«Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, ուսը հենակ դարձնում ելնողին։ Գիտության մեջ, քաղաքականության, արվեստի ասպարեզում, սպորտում, ռազմական գործում, ամենուր մեկի հաջողության համար հինգը ճանապարհ է հարթել։ Առաջ գնացողին չեն վարկաբեկել, չեն խանգարել, չեն չարախոսել, ոտքի տակը չեն փորել»,- եզրափակում է Վ. Ղազին։