ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միայնակ չի պայքարի, նախագահ Բարաք Օբաման հոգ կտանի այդ մասին, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը: «Մեր նախագահը լի է վճռականությամբ՝ հոգ տանել, որ ԱՄՆ-ը ստիպված չլինի միայնակ դրանով զբաղվել»,- հայտարարել է նա: Նրա կարծիքով՝ հենց դա է այժմ կարևոր հասկանալ ամերիկյան ժողովրդին և ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին:
Ջոն Էռնեստը նշել է, որ ԱՄՆ-ը կցանկանար հենվել «Իրաքի կենտրոնական կառավարության վրա, որն ունակ է միավորելու երկիրը»: Վաշինգտոնը նաև փորձում է մոբիլիզացնել «տարածաշրջանի երկրները, հատկապես նրանք, որոնք գլխավորում են սունիները»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «անցած շաբաթ շատ ժամանակ է ծախսել»՝ քննարկելով թեման ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, ներառյալ՝ Թուրքիայի առաջնորդը: Էռնեստը հավելել է, որ Օբաման մտադիր է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ «Իսլամական պետության» խմբավորումների շարքերում կռվող օտարերկրյա գրոհայիններից եկող վտանգը քննարկելու համար: