Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան օժանդակությամբ 10 տարի անց լրամշակված տարբերակով կրկին լույս է տեսել գրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության ու պատերազմի միջով» գիրքը, որտեղ հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառներին: Գրքի լրամշակված տարբերակում տեղ են գտել 2001-ի քիվեսթյան համաժողովից մինչև 2011-ի Կազանի հանդիպումը գրանցված զարգացումները: Թոմաս դե Վաալը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում, զրուցել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ:
«Ինձ համար՝ որպես օտարերկրացու, հեշտ է տեսնել, թե ինչ գին են վճարում այս երկրները ստատուս քվոյի համար: Աշխարհը շարունակում է առաջ ընթանալ, սակայն ԼՂ խնդիրը շարունակում է հետ պահել Հայաստանին ու Ադրբեջանին: Երբ ռազմավարական տեսանկյունից ենք նայում, երկու երկիրն էլ փոքր են, ու նրանց համար շահեկան կլինի՝ միասին աշխատել: Դա նրանց նաև թույլ կտա դուրս գալ խոշոր հարևանների ստվերից ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի»,-ասաց նա:
Թոմաս դե Վաալն ընդգծեց, որ գիրքն ընթերցողին հիշեցնում է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև կան մշակութային ու անձնական կապեր:
«Վրաստանի տարածքում դեռևս կան գյուղեր, որտեղ հայ և ադրբեջանցի ազգաբնակչությունը կողք կողքի է ապրում: Ես վերջերս այցելեցի գյուղերից մեկը՝ Խոջոնի: Նրանք այնտեղ շատ խաղաղ են ապրում, այցելում են միմյանց հարսանիքներ, թաղումներ, իսկ երբ խնդիր է առաջանում, հարցը լուծում է վրացական ոստիկանությունը: Սա նշանակում է, որ ԼՂ հարցին քաղաքական լուծում պետք է տրվի»,-ասաց նա: