Բաքվում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեցին չորրորդ անգամ: Ծրագրում ընդգրկված վեց երկրներից չէր մասնակցում միայն Հայաստանը: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան մասնակցում են արտգործնախարարների մակարդակով, Բաքվի հանդիպմանը եկել են ՈՒկրաինայի ու Բելառուսի փոխարտգործնախարարները և ԵՄ պաշտոնյաներ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիության համար կարևոր են Արևելյան գործընկերության ծրագրի բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: «Եվրամիությունը պատրաստ է համագործակցելու Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների հետ: Բոլոր վեց գործընկերների անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հավասարապես կարևոր է մեզ համար: Որպես ինքնիշխան երկրներ՝ նրանք պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան ու ճակատագիրը»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն։ Նա ընդգծել է, որ պետք է հարգանքով վերաբերվել Արևելյան գործընկերության երկրների շահերին:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը Բաքվի հանդիպման հիմնական թեմա համարել է Արևելյան գործընկերության տարածաշրջանի անվտանգության հարցերը: «ՈՒկրաինական ճգնաժամը լուրջ վնաս հասցրեց Արևելյան գործընկերության ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նա: Նրա կարծիքով՝ ճգնաժամը հաղթահարելու համար կողմերը պետք է կատարեն հրադադարի համաձայնագրի բոլոր պայմանները: «Դա կլինի առաջին քայլը խնդրի քաղաքական կայուն կարգավորման համար, որը պետք է հիմնվի ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հենքի վրա»,- ասել է Հելգա Շմիդտը՝ ընդգծելով Արևելյան գործըկերության տարածաշրջանում բոլոր սառեցված հակամարտությունները կարգավորելու կարևորությունը՝ հակառակ դեպքում անվտանգությունն այստեղ կայուն չի լինի: