ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության արտաքին գործերի մամուլի քարտուղարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը:
«Ես ձգտելու եմ ձևավորել կառավարություն, որն ունակ է լինելու աշխատել հօգուտ հասարակության և պետության»,- ասել է Տադեուշ Մազովեցկին իր առաջին խորհրդարանական ելույթում` 1989-ի սեպտեմբերի 12-ին, որպես Սեյմի կողմից նշանակված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին ոչ կոմունիստական կառավարության վարչապետ: Այդ իրադարձությունը Լեհաստանի պատմության մեջ դարձավ բեկումնային:
Նոր կառավարությունը, որի ղեկավարն էր 2-րդ համաշխարհային պատերազմից հետո առաջին ոչ կոմունիստական կառավարության վարչապետը և տարիներ շարունակ Լեհաստանի հակակոմունիստական ընդդիմության անդամը, ուներ 24 նախարար` 12-ը «Սոլիդարնոստ» կուսակցությունից, 4-ը` Լեհաստանի միավորված աշխատավորների (PZPR) և Միավորված գյուղացիների կուսակցություններից (ZSL), 3-ը` Ժողովրդավարական դաշնակցությունից (SD) և մեկը անկախ անդամ էր: Պրոֆեսոր Քշիշտոֆ Սկուբիշևսկին նշանակվել էր արտաքին գործերի նախարար, Լեշեկ Բալցերովիչը` փոխվարչապետի, ֆինանսների նախարարի պաշտոններում: Բալցերովիչը հետագայում դարձավ Լեհաստանի տնտեսական փոխակերպման կերտողը:
1989-ի հունիսի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո սա երկրորդ փորձն էր ձևավորելու նախարարների խորհուրդ: Առաջին փորձը կատարվել էր գեներալ Չեսլավ Կիշչակի կողմից, ում այդ առաքելությունը հանձարարել էր այդ ժամանակ Լեհաստանի նախագահ Վոյչեխ Յարուզելսկին: Սեյմը նշանակեց Կիշչակին վարչապետ, սակայն նա ի զորու չեղավ ձևավորելու կառավարություն: «Սոլիդարնոստի» առաջադրած Տադեուշ Մազովեցկին հաջողության հասավ, և 1989-ի օգոստոսի 19-ին նախագահ Վոյչեխ Յարուզելսկին հանձնեց նրան կառավարության ձևավորումը: 1989-ի օգոստոսի 24-ին Սեյմը նշանակեց Մազովեցկուն նախարարների խորհրդի նախագահ:
1989-ի սեպտեմբերի 12-ին Մազովեցկին իր ելույթում անդրադարձավ տնտեսության խնդիրներին: Կառավարության նոր ղեկավարը հայտարարեց արժեզրկման և բյուջետային դեֆիցիտի կանխարգելման միջոցների ձեռնարկում, հարկային կարգապահության պահպանում և ազատ շուկայական տնտեսության կառուցում:
- Որպես ազգ պետք է հաղթահարենք անօգնականության զգացողությունը և միասնական ուժերով հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերը, որպեսզի դուրս գանք տնտեսական ճգնաժամից և վերակառուցենք պետությունը,- ասել է վարչապետը Սեյմի իր ելույթում:Մազովեցկին ընդգծել է, որ տնտեսության վերականգնումը կծառայի ոչ միայն Լեհաստանին, այլև ողջ եվրոպական հանրությանը: «Եվրոպան միասնականություն է: Այն ընդգրկում է ոչ միայն Արևմուտքը, այլև Արևելքը»,- հիշեցրել է նա իր ելույթում: Ավարտական խոսքում վարչապետը նշել է. «Անցյալը հաստ գծով պետք է տարանջատենք ներկայից: Մեր արարքների համար պատասխան կտանք, միայն որպեսզի դուրս բերենք Լեհաստանը փլուզման ներկայիս վիճակից: Ես գիտակցում եմ, որ իմ ազգակիցների համար գլխավորը այն հարցն է, թե արդյոք կարո՞ղ ենք ավելի լավ ապրել: Մենք բոլորս այդ հարցի պատասխանը կտանք»:
Իր նշանակումից կարճ ժամանակ անց լեհերի 82%-ը աջակցում էր Մազովեցկու կառավարությանը, ընդամենը 2%-ն էր դժգոհություն արտահայտում:
Տադեուշ Մազովեցկին եղել է կաթոլիկ մտավորականության ակումբի հիմնադիրներից մեկը, «Սոլիդարնոստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 80-ական թվականներին Լեխ Վալենսայի ամենամոտ խորհրդատուներից մեկն էր, «Կլոր սեղանի» բանակցությունների մասնակից և բարձրագույն պետական պարգևներիի` Սպիտակ արծվի շքանշանի և մշակույթի ասպարեզում ունեցած ժառանգության համար Գլորիա Արտիս մեդալի դափնեկիր: Մազովեցկին մահացել է 2013-ի հոկտեմբերի 28-ին: