Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ժամանակն է, UNIAN-ի փոխանցմամբ` հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Կիևում անցկացվող Յալթայի եվրոպական ռազմավարության 11-րդ ամենամյա հանդիպմանը:
Ֆյուլեն համարում է, որ այս երկու միությունների միջև պաշտոնական կապեր հաստատելու ժամանակն է: «Մեզ հետևողական քաղաքականություն է անհրաժեշտ Ռուսաստանի նկատմամբ... Եկել է նման կարգախոսների հետևում չթաքնվելու ժամանակը. «Ազատ տնտեսական գոտի՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ»: Դրան պետք է որոշակի բովանդակություն հաղորդվի, որը առևտրական, տնտեսական համագործակցությունից հեռուն կգնա... Եկել է ժամանակը, ինձ թվում է, որպեսզի Եվրամիությունը Եվրասիական, Մաքսային միությունների հետ բարձր մակարդակում պաշտոնական կապեր հաստատի»,- ասել է նա: Ֆյուլեն ընդգծել է անվտանգության հարցերում վստահության վերականգնման անհրաժեշտությունը: