ՈՒկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը չի մասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին՝ հայտարարել է կուսակցության նախագահության քարտուղար Բորիս Կոլեսնիկովը: «Քաղխորհուրդը որոշել է ընտրություններին չմասնակցել, երբ երկրում պատերազմ է, երբ 44 ընտրատեղամասերում ընտրություններ փաստացի հնարավոր չէ անցկացնել»,- ասել է նա: Կոլեսնիկովը նկատել է, որ ընտրությունները կարող են երկիրը տրոհել: «Ինչպիսի՞ն կարող է լինել խորհրդարանը, եթե երկրի քառորդ մասը ներկայացված չի լինելու»,- ընդգծել է նա:
Օգոստոսի 25-ին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղաժամկետ դադարեցրեց Գերագույն ռադայի լիազորությունները: Նախագահը խորհրդարանի լուծարումը պայմանավորել էր այն փաստով, որ «քաղաքացիների 80 տոկոսը կողմ է արտահերթ ընտրությունների»: Պորոշենկոն կարծում է, որ արտահերթ ընտրությունները կնպաստեն նաև իշխանության զտմանը: Գերագույն ռադայի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 26-ին: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարել է, որ իր տարածքում խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի: