Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն կրկին հայտարարել է, որ մտադիր է Մոլդովայի քաղաքացիություն ստանալ: Նա պատրաստվում է քննարկել հարցը Մոլդովայի իշխանությունների հետ մինչև նոյեմբերի 2-ին իր նախագահական ժամկետի ավարտը: Բեսեսկուն «Մեծ Ռումինիայի» վերստեղծման կողմնակից է՝ 1939 թվականի սահմաններում:
Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ մոլդովական եվրաինտեգրումն ուղղված է Ռումինիային Մոլդովայի տարածքի միանալուն: Նրա խոսքով՝ Մոլդովայի հետ միացումը պետք է դառնա Ռումինիայի արտաքին քաղաքական օրակարգի երրորդ գլխավոր նախագիծը՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուց հետո:
Անցած տարվա հուլիսին Քիշնև այցի ընթացքում Ռումինիայի նախագահը քաղաքապետ Դորին Կիրտոակեից Մոլդովայի քաղաքացիություն ստանալու առաջարկ էր ստացել: Ավելի ուշ Romania libera թերթին հարցազրույցում նա հայտարարել էր Մոլդովայի քաղաքացի դառնալու ցանկության մասին և բացառել էր քաղաքական կյանք սկսելը Մոլդովայում: