Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չէր սպասում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հարաբերությունների «նման վատթարացում»: ԶԼՄ-ներում հաճախ շրջանառվում է նախագահի հետ «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հարաբերությունների թեման: Բազմիցս գրվել է, որ վարչապետը «մի կողմ է դնում» պետության ղեկավարին, երբ խոսքը կարևոր հարցերի մասին է: Նրանց առճակատման մասին կրկին խոսել են, երբ հարց է առաջացել, թե ով պետք է գնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին: Վրաստանի վարչապետը նշել է, որ իրավիճակը կկարգավորվի, «եթե ամեն մեկն իր գործն անի, և առնվազն, չխանգարի մյուսին»: «Ես հավատում եմ, որ և նախագահը, և խորհրդարանը, և կառավարությունը, և դատարանը, և ԶԼՄ-ները, որոնք մեծ պատասխանատվություն ունեն, կաշխատեն իրենց պարտականությունների շրջանակներում: Եթե ամեն մեկն իր գործն անի, ես հավատում եմ, որ երկրում ամեն ինչ լավ կլինի: Մենք չպետք է խառնվենք միմյանց գործերին: Դա ամենակարևորն է: Երբ խառնվում են միմյանց գործերին, կոնֆլիկտ է առաջանում»,- ասել է Ղարիբաշվիլին: