«Եթե Ռուսաստանն արդարացի դիրքորոշում բռնի ԼՂ հակամարտության հարցում, Ադրբեջանը, հանուն Լեռնային Ղարաբաղի և մեր տարածքային ամբողջականության, կարող է դառնալ ՄՄ անդամ, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի անդամ՝ մեր անկախության պահպանման պայմանով»,-apa.az-ին ասել է Ադրբեջանի «Միացյալ ժողովրդական ճակատի» նախագահ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը:
Վերջինս ասել է, թե «չարժե» Արևմուտքի երկրներից արդար դիրքորոշում սպասել, քանի որ նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները հայկական լոբբիի հետ՝ հանուն Ադրբեջանի:
«Այստեղ երկու ճանապարհ կա: Ադրբեջանի համար ճանապարհներից մեկն այն է, որ ողջ երկիրը պատրաստվի պատերազմի, իսկ տնտեսությունը տեղափոխվի ռազմական ասպարեզ»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, թե «դա շատ ռիսկային և քիչ հավանական տարբերակ է և ուրեմն մնում է երկրորդ ճանապարհը՝ լեզու գտնել Ռուսաստանի հետ»: Հասանգուլիևն ասել է, թե Ադրբեջանը կարող է նաև Ռուսաստանի հետ համաձայնեցնել իր էներգետիկ քաղաքականությունը: Նա խոսել է նաև Ադրբեջանում ռուսական ռազմաբազաների հնարավոր տեղակայման մասին: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ-ի անդամ, այդ դեպքում պատերազմի համար մեծ ծախսերի անհրաժեշտություն չի լինի, և Ադրբեջանը կկարողանա «Հայաստանի հետ այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով»: «Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ: Միաժամանակ հասարակությունը պետք է տեղեկացվի այդ բանակցությունների մասին, որ իմանա, թե ինչ է պահանջում Ռուսաստանը Ղարաբաղի համար: Հնարավոր է, որ Ռուսաստանն իսկապես առաջ քաշի այնպիսի պայմաններ, որոնք մենք ոչ մի դեպքում չենք կարող ընդունել: Ենթադրենք՝ Ռուսաստանն ասի, որ Ադրբեջանը պետք է դառնա ՌԴ սուբյեկտ: Բայց պետք է բաց խոսել այն մասին, թե ինչ է ուզում Ռուսաստանը, ուզո՞ւմ է ընդհանրապես ինչ-որ բան, թե՞ ոչ, իսկ գուցե նա ուզում է, որ հակամարտությո՞ւնը պահպանվի»: