ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է վերադարձնել 25 հազար դոլարանոց ժամացույցը, որն իրեն նվիրել են Բրազիլիայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: ՖԻՖԱ-ն սպառնացել է կարգապահական տույժ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր չեն վերադարձնի այդպիսի ժամացույցները: Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ֆուտբոլային տարբեր պաշտոնյաների նվիրել է շվեյցարական «Parmigiani» ապրանքանիշի 65 թանկարժեք ժամացույց՝ կոնֆեդերացիայի 100-ամյակի առթիվ: ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով քննչական պալատը համարել է, որ արգելված է ընդունել այդքան թանկարժեք նվերներ: Միշել Պլատինին հայտարարել է, որ որպես դաստիարակված մարդ երբեք նվերները չի վերադարձնում: Նա խոստացել է ժամացույցի գնին համարժեք գումար հատկացնել բարեգործական նպատակներով, սակայն ժամացույցը որոշել է պահել իրեն: Պլատինին միաժամանակ ՖԻՖԱ-ի ղեկավարությանն է դիմել հարցով, թե ինչու էթիկայի հարցերով կոմիտեն չորս ամիս հետո է հայտարարում նվերների անօրինականության մասին: