Պաշտոնական Երևանը դատապարտել է Սիրիայի տարածքում Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: «Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից»,- հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նախարարը համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ կասեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: