ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու պարագայում Հայաստան-Իրան հարաբերությունները չեն փոխվի: Այս մասին այսօր հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Մհեր Բաղդասարյանը: Վերջինս կարծում է, որ Հայաստանը չի զոհաբերի Իրանի հետ իր հարաբերությունները՝ նկատի ունենալով Իրանի հետ սահմանակից լինելու հանգամանքը: Բանախոսի կարծիքով, սակայն, Իրանից գազ ստանալու մեր հնարավորությանը կարող է խանգարել Ռուսաստանը, քանի որ այն վերջինիս շահերից չի բխում:
Նշենք, որ օրերս ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հաստատել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան այցի մասին լուրերը, թեև որոշակի ժամկետներ չէր նշել և ասել, թե Ռուհանիի այցի համար հատուկ ծրագրեր են անհրաժեշտ: Նշենք նաև, որ այսօր Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Հանդիպմանը խոսվել է նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:
Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարների մասին բազմիցս խոսվել է, սակայն տպավորություն է, թե դրանցում ավելի շատ շահագրգիռ են իրանցիները: Վերջիններս մեկ անգամ չէ, որ ակնարկել են Հայաստանին նպաստավոր պայմաններով գազի մատակարարման և ընդհանրապես տնտեսական լայն համագործակցության մասին, սակայն Հայաստանի կողմից որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Ակնհայտ է, որ Ռուսաստանից կախվածությունը Հայաստանին թույլ չի տալիս անկաշկանդ և փոխշահավետ հարաբերություններ ձևավորել հարևան Իրանի հետ: Սակայն ակնհայտ է նաև այն, որ եթե անկախությանդ տեր չկանգնես, անունդ էլ կկորցնես:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ