Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին աշխարհում ավելի անհետաձգելի մի շարք խնդիրների չանդրադառնալու համար՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմին, Գազայի հատվածում ամռանը իրականացված ռազմական գործողություններին։
Թուրքիայի նախագահը քննադատել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին, ասելով, որ ՄԱԿ-ը լեգիտիմացրեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին հեղաշրջման միջոցով գահընկեց արած նախագահին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստի ժամանակ Եգիպտոսի պատվիրակությունը վիճել է Թուրքիայի պատվիրակության հետ և չեղյալ հայտարարել երկկողմ հանդիպումները: Պատճառը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ելույթը: Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու համար: «Ես դեմ եմ միջազգային առաջնորդների շարքում նրա (Աբդել Ֆաթահ ալ Սիսիի) ներկայությանը: Դրանով ՄԱԿ-ը լեգիտիմություն է տալիս նրան, ով տապալել է ժողովրդի կամքով ընտրված նախագահին: Ինչո՞ւ է աշխարհը լռություն պահպանում ժողովրդավարության դեմ հեղաշրջման նկատմամբ: Մենք պետք է հարգենք ժողովրդի կամքը, ով դա ցույց է տվել քվեախցիկներում: Եթե մենք ցանկանում ենք աջակցել հեղաշրջումները, ինչի՞ համար է Միացյալ ազգերի կազմակերպությունը»,- ընդգծել է նա:
Եգիպտոսի պաշտոնատար անձինք իրենց վրդովմունքն են հայտնել այդ հայտարարությունների վերաբերյալ: ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին ասել է, որ Էրդողանի ելույթը լի էր «ստով և հորինված փաստերով՝ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք եգիպտոսցիների կամքի նկատմամբ»:
«Թուրքիայի նախագահի խոսքերում զարմանալի ոչինչ չկա, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արևելքում՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին և կազմակերպություններին և նրանց ապաստան տրամադրելով՝ նպատակ ունենալով վնասել տարածաշրջանի ժողովուրդների շահերը հանուն անձնական հավակնությունների և անցյալի պատրանքների»,- ասել է եգիպտոսցի դիվանագետը: