Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ. Լուլուն

Ալեքսանդր  ԹՈՓՉՅԱՆ. Լուլուն
26.09.2014 | 12:06

Քաջ Նազար - Թալանները լա՛վ տեղավորեք: Չգողանա՜ն:

Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ,
«Քաջ Նազար»

Այդ աղջկան առաջին անգամ տեսա անգլիական «Picadilly» փաբում, որն իմ բարեկամ Ադամ Սմիթի սեփականություններից մեկն էր աֆրիկյան այդ քաղաքում: Հենց այդտեղ պայմանավորվել էի հանդիպել նրա հետ: Ժամադրության եկա տասնհինգ րոպե շուտ, տեղավորվեցի իմ մշտական սեղանի մոտ և օրվա թերթերն էի նայում, երբ առջևս հայտնվեց բացառիկ գեղեցկությամբ մի էակ և հմայիչ ժպիտը դեմքին հարցրեց.
-Պարոնը ի՞նչ կցանկանար խմել:
Ապշած նայում էի աղջկան: Նա այս կողմի սևերին հատուկ սլացիկ հասակ ուներ, անթերի և արդեն ձևավորված, կարելի է ասել նույնիսկ՝ կրքահարույց մարմին: Իսկ նրա նեգրական գեղեցիկ դեմքն ասում էր, որ հազիվ տասնութ տարեկան լինի: Ամենայն հավանականությամբ նոր էր գործի ընդունվել, այլապես բացառվում էր, որ իմ՝ այս հաստատության մշտական հաճախորդի ուշադրությունից վրիպեր այս գեղեցկությունը…
-Հը, ի՞նչ կա, հավանեցի՞ր:
Ադամ Սմիթն էր կանգնած գլխավերևս: Այնպես էի տարվել այս օրիորդով, որ չէի նկատել նրա հայտնվելը:
-Եթե շատ ես հավանում, խնդրեմ, կնվիրեմ քեզ, եթե, իհարկե, կարող ես նրան այնքան վճարել, որքան ես:
Ասաց այնպես, կարծես մի տուփ ծխախոտ էր նվիրելու: Ինձ դուր չեկավ նաև «վճարել» բառի բավական երկիմաստ գործածությունը: Առանց դրա էլ կարելի է հասկանալ, որ եթե աղջիկն սկսել է աշխատել այստեղ, ապա մինչ այդ արդեն «փորձաշրջան» է անցել Ադամի առանձնատան ննջարանում: Դուր չեկավ նաև, որ «նվիրատվության» առաջարկն արվում էր աղջկա ներկայությամբ: Սևամորթները բավական զգայուն էին նման ակնարկների հանդեպ, նրանք չէին մոռացել ստրկատիրության դաժան ժամանակները: ՈՒստի ընկերոջս շռայլ առաջարկին պատասխանեցի այսպես.
-Ես սիրով նրան հետաքրքիր աշխատանք կառաջարկեմ ինձ մոտ և լավ կվճարեմ, բայց օրիորդը համաձա՞յն է… Ի դեպ, ինչպե՞ս է Ձեր անունը:
-Լուլու, - աղջկա փոխարեն պատասխանեց Ադամը:- Իհարկե, համաձայն է, նա մեքենաներ շատ է սիրում, ճի՞շտ է, Լուլու:
Աղջիկը, շարունակ ժպտադեմ, նայեց տիրոջը և գլխով արեց, ինչը նշանակում էր՝ ես ենթարկվում եմ Ձեր կամքին:
Ադամը խոսքի տերը եղավ: Հաջորդ օրն իսկ աղջկան իր մեքենայով բերեց իմ արհեստանոց:
-Հուսամ այնքան լավ կզգա այստեղ, որ չի ցանկանա վերադառնալ ինձ մոտ,- ասաց նա:
Լուլուի համար ես արդեն մի պատշաճ գործ էի մտածել:

…Աֆրիկյան այս քաղաքը եկա ուղիղ քսան տարի առաջ, երբ ընդամենը տասնհինգ տարեկան էի: Ստիպված էի գալ: Հորս մահից հետո տան տղամարդը ես էի մնացել: Քեռիս վաղուց արդեն գործ ուներ այստեղ՝ ավտոնորոգման արհեստանոց, և գոհ էր իր վիճակից, և այնքան, որ հեռավոր Աֆրիկայից օգնում էր Լիբանանում մնացած իր հարազատներին: Մայրս հպարտ էր, հրաժարվեց նրա օգնությունից («մինչև ե՞րբ պիտի օգնես»), բայց նամակ գրեց՝ խնդրելով, որ ինձ գործի վերցնի որպես աշակերտ:
Եվ այդպես, ուսումս կիսատ թողնելով եկա այս քաղաքը: Կարճ ժամանակում յուրացրի արհեստը, և այն աստիճանի, որ նույնիսկ գերազանցեցի քեռուս և դարձա հաճախորդների ամենագնահատված վարպետը: Այո, «վարպետը», որովհետև, եթե քեռիս իր՝ Լիբանանում սովորածին գրեթե ոչինչ չէր ավելացրել, ես հիմնավորապես յուրացնելով հին մոդելների գաղտնիքները, խորանում էի նորերի մեջ:
Ես հատկապես աֆրիկյան այդ մայրաքաղաքում հավատարմագրված դիվանագետների և մանավանդ նրանց կանանց ու աղջիկների սիրելի վարպետն էի: Ի՞նչ թաքցնեմ, Աստված ինձ ոչ միայն ձիրքեր ու աշխատասիրություն է պարգևել, այլև բարետես արտաքին, և տասնինը-քսան տարեկանից դարձել էի դեսպանական մարմնի իգական կեսի ուշադրության առարկան: Պատահում էր նույնիսկ, որ զանգում էին արհեստանոց և թախանձագին խնդրում, որ ինքս գնամ նրանց մոտ և տեղում շտկեմ խափանումը, որ, իբր, մեքենան լռվել է, իրենք չեն կարող գալ: Ես գնում շտկում էի, և ոչ միայն…
Քսաներկու տարեկան էի, երբ քեռիս հրաժեշտ տվեց այս աշխարհին, և քանի որ ժառանգ չուներ, իր ամբողջ ունեցվածքն անցավ ինձ: Եվ ես եռանդուն գործի լծվեցի: Եթե քեռուս մոտ ընդամենը տասը բանվոր էր աշխատում, ապա դրանց թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց: Հարևան տարածքները գնեցի և ընդարձակեցի արհեստանոցը, ներսը բարեկարգեցի, բանվորներին համազգեստ հագցրի, ցուցանակները փոխեցի, գովազդեր տպեցի թերթերում: Մի խոսքով, մեկ տարի անց իմ արհեստանոցը դարձավ տարածաշրջանի լավագույնը: Բնականաբար, հաճախորդներիս թիվը շատացավ և շահույթս ավելացավ, և չնայած երիտասարդ տարիքիս, ես համարվում էի այդ երկրի ամենահաջողակ գործարարներից մեկը:
Այդ օրերին էր, որ մոտս եկավ համակրելի արտաքինով մի անգլիացի, որ կլիներ քսանհինգ-քսանվեց տարեկան:
-Ադամ Սմիթ,- ներկայացավ նա և ցույց տվեց լրագրողի իր քարտը, համաձայն որի ներկայացնում էր անգլիական աշխարհահռչակ թերթերից մեկն այդ երկրում:
-Ինչպես նշանավոր տնտեսագե՞տը,- հարցրի ես:
Հարցս, հավանաբար, նրան դուր եկավ, որովհետև ժպտալով պատասխանեց.
-Ճիշտ այդպես,- պատասխանեց նա:- Ի դեպ, դա ծածկանուն չէ, ես իսկապես նրա ժառանգներից մեկն եմ:
Որպես առաջին անգամ մեր հաստատության շեմն անցնող այցելու, ես նրան անվճար սպասարկեցի: Այդ հանդիպումից հետո մեր միջև մի համակրանք ծնվեց: Ժամանակ առ ժամանակ նա գալիս էր ինձ մոտ պարզապես զրուցելու, լիբանանյան փախլավայի և օղու հետ սուրճ խմելու: Մեր ընկերությունը վերածվեց համախոհության, երբ նա իմացավ, որ ես պատմվածքներ եմ գրում և որ արդեն հասցրել եմ տպագրվել Բեյրութի հայկական թերթերում: Խոստովանեց, որ ինքն էլ, լրագրողական գործունեությունից զատ, արձակ է գրում և որ առաջիկայում նրա վեպերից մեկը Լոնդոնում է հրատարակվելու: Մի խոսքով, մենք այնքան մտերմացանք, որ նա կարող էր ինձ այդպիսի արտառոց նվեր անել:
Մինչև Լուլուի հայտնվելը, ես արդեն որոշել էի՝ մեր հաստատության նորակառույց գրասենյակի ընդունարանում պետք է մի ջահել աղջիկ նստեցնել, որը զանգերին կպատասխանի, կդիմավորի հաճախորդներին և կզբաղվի նրանցով: Սակայն համապատասխան թեկնածու չէի կարողանում գտնել: Մինչդեռ սևամորթ այս գեղեցկուհուն տեսնելուն պես, մտովի ասացի՝ ահա նա, ում փնտրում էի: Եվ չսխալվեցի:
Լուլուն իսկական խայծ դարձավ հաճախորդներիս համար: Շատերը գալիս էին պարզապես նրան տեսնելու:
Ես լրջորեն զբաղվեցի նրա դաստիարակությամբ: Ես նրան ուսուցանում էի ամեն ինչ, մանավանդ որ գրեթե ամբողջ օրը միասին էինք:
Նա շնորհալի էր, և արագորեն յուրացնում էր իմ ամեն մի դասը։ Ես, որ կիսատ էի թողել իմ ուսումը, բայց քանի որ մոլի ընթերցասեր էի, ինքնուսուցմամբ բավականաչափ գիտելիքներ էի ձեռք բերել, և այդ ամենը հաճույքով փոխանցում էի իմ ուշիմ աշակերտուհուն: Աֆրիկյան մայրաքաղաքի աղքատ արվարձանում ծնված, կիսատ-պռատ ուսում ստացած և կյանք չտեսած աղջկան ես դարձրի գրավիչ, խելացի և գործունյա մի կին:
Այդ քաղաքում ես միակ հայը չէի, ուստի լուրն արդեն հասել էր Բեյրութ, և մորս նամակը չուշացավ. «Որքան կ’ուզես զվարճացիր ատոր հետ, բայց չ’ըլլա որ սևամորթ հարս բերես քովս»:
Մորս մտահոգությունն իզուր էր, քանի որ Լուլուի հետ ամուսնանալու մտադրություն չունեի, բայց և իմ հետագա կյանքը, առնվազն կյանքիս առաջիկա տարիները չէի պատկերացնում առանց նրա: Բայց, ավա՜ղ, որոշողը մենք չէինք:

Իմ ընկերությունը Ադամ Սմիթի հետ շարունակվում էր, նրա շնորհիվ ես նորանոր հաճախորդներ էի ունենում քաղաքի ունևոր խավից, որոնք ոչ միայն լավ վճարում էին կատարված աշխատանքի համար, այլև օգնում զանազան հարցերում:
Օրերից մի օր նա եկավ մի բարձրահասակ և հաղթանդամ սևամորթի հետ, որ կլիներ մոտ երեսունհինգ տարեկան: Կարելի էր կարծել, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է կամ ռեգբիի աստղ, բայց պարզվեց, որ փաստաբան է, օքսֆորդավարտ, ավելին՝ զարգացած և ազատախոհ մտավորական, որ թողնելով փաստաբանական իր ծաղկուն գործունեությունը Լոնդոնում, որոշել է վերադառնալ հայրենիք և նպաստել իր երկրի առաջընթացին:
-Լուիս Նգոմբո, - ներկայացավ նա:
Այդ օրը մենք երկար զրուցեցինք, և նա ինձ դուր եկավ իր խոր գիտելիքներով, լայնախոհությամբ և առողջ դատողությամբ: ՈՒստի պատահական չէր, որ դարձավ իմ մտերիմ բարեկամներից մեկը, և մենք հաճախ էինք հանդիպում ինձ մոտ կամ այլուր: Պարզվեց, որ Լուիսը նաև վարժ գրիչ ունի: Տեղական թերթերում սկսեցին հայտնվել նրա սուր, քննադատական հոդվածները՝ երկրի ծանր վիճակի, անարդարության, կոռուպցիայի և սոցիալական անհավասարության մասին: Մանավանդ նա մերկացնում էր երկրի ընդերքն անգթորեն շահագործող արտասահմանյան ընկերությունների գործունեությունը: Իսկ երբ նա կուսակցություն հիմնեց, Ադամ Սմիթը՝ վիսկու երրորդ, թե չորրորդ բաժակից հետո, կատակո՞վ, թե՞ լուրջ, ասաց. «Տղան ձգտում է իշխանության, հետաքրքիր ժամանակներ են գալու»:
Չգիտեմ` ինչը նկատի ուներ այդպես ասելով, բայց վատ ժամանակների նախանշանները կամաց-կամաց սկսեցին երևալ: Արդեն քսան տարի էր, ինչ այս երկրում էի, և այդ ընթացքում հասցրի պետական երկու հեղաշրջում տեսնել, երկուսն էլ հանուն ժողովրդի, հանուն արդարության և ընդդեմ կոռուպցիայի: Բայց երկու դեպքում էլ տուժեցին ժողովուրդն ու արդարությունը, իսկ կոռուպցիան ավելի մոլեգնեց: Ես դա անմիջապես զգում էի իմ մաշկի վրա, երբ ստիպված էի լինում զանազան տեսուչների ու քննիչների մեքենաներն անվճար նորոգել, չասած ուրիշ բաների մասին:
Քաղաքում տղաներ հայտնվեցին, որոնք կոպտում էին ճերմակամորթներին, մանավանդ կանանց, ցույցեր անում, մեքենաները ջարդում: Շուտով նրանց միացավ քաղաքի երիտասարդության մի մասը՝ հիմնականում հանցագործ հակումներով և առաջիկա հարուստ ավարների սպասումներով: Ես հետո պիտի իմանայի, որ այս ամենը հմտորեն ղեկավարում է Լուիս Նգոմբոն:
Այդ օրերին էր, որ մոտս եկավ Ադամ Սմիթը:
-Ծախիր բնակարաններդ, հնարավորինս շուտ, և մի սակարկիր,- ասաց նա:
Ասես սառը ջուր լցներ գլխիս: Քաղաքի տարբեր թաղերում միանգամից մի քանի բնակարան գնեցի, որ մտադիր էի վարձով տալու և «հանգիստ» դրամ շահելու: Արդեն հայտարարություն էի տպել թերթերում և հույս ունեի, որ շուտով վարձակալներ կհայտնվեն: Բազմաթիվ եվրոպացիք էին գալիս այդ քաղաք և մաքուր ու հարմարավետ բնակարաններ փնտրում:
-Չեմ հասկանում, իմաստն ի՞նչ է, դեռ ոչինչ չշահած դրամ կկորցնեմ:
-Քեզ բան եմ ասում՝ ծախիր: Հիմա վտանգավոր է դատարկ բնակարաններ ունենալը:
-Ինչո՞ւ, դա ի՞նչ նորություն էր:
-Ավելին չեմ կարող ասել, որպես բարեկամ խորհուրդ եմ տալիս՝ ծախի՛ր:
Հետևեցի նրա խորհրդին և լավ արեցի, որովհետև բառացիորեն մեկ շաբաթ հետո «հեղափոխական» խուժանը՝ զինված ոչ միայն մահակներով ու երկաթյա ձողերով, այլև իսկական հրազենով, խանութներն էր կողոպտում, և դռները ջարդելով գրավում դատարկ բնակարանները:
Սակայն «գործը» սրանով միայն սկսվեց, և երբ բանակը միացավ ապստամբած «ժողովրդին», ավարտվեց պետական հեղաշրջումով. նախագահական պալատը գրավեցին, իսկ նախագահն անհետացավ: Եվրոպացիք իրար մեջ կատակով ասում էին, իբր, նրան կերել են:
«Հեղափոխական» բանակն իշխանությունը վերցրեց իր ձեռքը և նշանակեց նախագահի արտահերթ ընտրություններ. թեկնածուների ցանկը, ինչպես սպասվում էր, գլխավորեց Լուիս Նգոմբոն:
Այս իրադարձությունների օրերին Լուլուն դարձավ անճանաչելի: Նա, որ աչքի էր ընկնում ծայրահեղ կարգապահությամբ և բարեխղճությամբ, սկսեց առանց որևէ հարգելի պատճառի բացակայել աշխատանքից կամ, լավագույն դեպքում, գալիս էր օրվա կեսին, մեկ-երկու ժամ մնում և առանց նախազգուշացնելու հեռանում:
Կանչեցի մոտս և մտերմորեն հարցրի, թե ինչ է կատարվում, լուրջ խնդիրներ կա՞ն, կարո՞ղ եմ արդյոք օգնել: Լուլուն, հուզված, ներողություն խնդրեց ուշացումների և բացակայությունների համար և ասաց, որ մտադիր է այսօրվանից իսկ թողնել աշխատանքը:
-Ինչո՞ւ,- զարմացա ես:- Դժգո՞հ ես գործիցդ, ինչ-որ բան է պատահե՞լ, քեզ վիրավորե՞լ են, ասա տեսնեմ՝ ի՞նչ կա:
-Ոչ, ոչ, ամեն ինչ լավ է, դու շատ բարի եղար իմ հանդեպ, ես քեզ պարտական եմ ամեն ինչով, բայց այլևս չեմ կարող մնալ, և, խնդրում եմ, մի հարցրու, թե ինչու…
«Ինչո՞ւ»-ի պատասխանն ստացա բառացիորեն մեկ ժամ հետո, երբ շատ զարմանալի զուգադիպությամբ ինձ այցելեց Ադամ Սմիթը:
-Քեզ հրավիրում էր իր հարսանիքի՞ն, - հարցրեց նա:
-Ո՞վ,- զարմացած հարցրի ես:
-Լուլուն, էլ ո՞վ:
-Իսկ ո՞ւմ հետ է ամուսնանում:
-Լուիս Նգոմբոյի հետ: Ընտրություններից առաջ նա պիտի հայրենասեր նախագահի կերպար ստեղծի, մարդ, որը Եվրոպան թողել եկել է այստեղ և ամուսնացել տեղացի աղջկա հետ:
Ես ապուշ կտրած նայում էի Ադամին:
Եվ իսկապես նրանք ամուսնացան ընտրությունների նախօրեին: Այդ փաստն ինչպես հարկն է մատուցվեց տեղական մամուլում, իսկ Նգոմբոն դրանից մի երկու շաբաթ անց դարձավ նախագահ, և իմ հանդիպումներին Լուլուի հետ, բնականաբար, վերջ տվեցի:
Ընտրություններից մի երկու ամիս էր անցել, երբ Լուլուն զանգեց և հրավիրեց իրենց հետ ընթրելու: «Մենք մեր բարեկամներին չենք մոռանում»,- ասաց նա:
Հանդիպեցինք ծովափնյա շքեղ մի առանձնատանը, որն իմ իմացածով պատկանում էր գերմանացի մի գործարարի: Հանդիպումն անցավ իսկապես ջերմ և անկեղծ մթնոլորտում, իսկ երբ ընթրիքի վերջում, առանձնատան երրորդ հարկի ծովահայաց պատշգամբում սուրճ էինք խմում, Նգոմբոն հանկարծ հարցրեց.
-Հավանո՞ւմ ես այս տունը:
-Այո, ինչո՞ւ ես հարցնում:
-Հարցնում եմ, որովհետև կարող է քոնը դառնալ… եթե շատ ես ուզում:
-Բայց սա առնվազն մի երկու միլիոն կարժենա, ես այդքան դրամ չունեմ:
-Խնդիր չէ, կունենաս: ՈՒշադիր լսիր ինձ, դու մեր բարեկամն ես, քեզ հետ կարող եմ անկեղծ խոսել: Մենք շատ ենք ուզում այս տունը գնել, շատ հավանեցինք… Բայց հասկանում ես, լավ չի դիտվի, եթե ես, նորընծա նախագահս, միանգամից այսպիսի հարստության տեր դառնամ… Մինչդեռ դու հաջողակ գործարար ես, քեզ նույնիսկ մեծահարուստի տեղ են դնում, ուստի ոչ ոք չի զարմանա, եթե գնես այս հրաշք ապարանքը, մենք էլ որպես քո հին բարեկամներ, ժամանակ առ ժամանակ, քեզ մոտ հյուր կգանք։
Այս անակնկալ առաջարկից ապշած, հավանաբար, երկար մտորեցի, երբ Լուլուն դիմեց ինձ.
-Մենք այստեղ քեզնից զատ ուրիշ ավելի լավ բարեկամ չունենք, ում կարող ենք նման խնդրանքով դիմել: Դու միակ թեկնածուն ես, եթե մերժես, մեզ շատ կվշտացնես։ Եվ հետո, քո գրպանից դու ոչինչ չես վճարելու։ Թղթերը կձևակերպվեն քո անունով, բայց փաստացի տերը կլինենք մենք:
Ես հասկացա, որ մերժելու դեպքում ես կորցնում էի իմ բարեկամությունը հանրապետության նախագահի հետ, իսկ դա հղի էր անկանխատեսելի հետևանքներով, համաձայնելու դեպքում ես դառնում էի այս հրաշքի սեփականատերը և հնարավորություն ստանում խորացնելու իմ բարեկամությունը և մանավանդ օգտվելու հանրապետության նախագահի հովանավորությունից: Չհամաձայնելը պարզապես տխմարություն կլիներ:
Նախագահական ամոլը վերջնականապես հաստատվեց այդ առանձնատանը: Ես աշխատում էի չչարաշահել կացությունը և հնարավորինս քիչ երևալ նրանց աչքին, այսինքն՝ այն ժամանակ, երբ հիշում էին ինձ և հրավիրում: Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ ինձ առաջարկվեց գնել քաղաքի ամենաշքեղ հյուրանոցը, իսկ դրանից մեկ շաբաթ անց ես դարձա հսկայական սուպերմարկետի տերը, և այսպես իմ հարստությունը գնալով ավելանում էր, իսկ այդ բոլոր հաստատություններն աշխատեցնում էին նախագահի բազմաքանակ ազգականները, շահույթն էլ դնում իրենց գրպանը կամ կիսում կոռուպցիայի դեմ մարտնչող աննկուն մարտիկի հետ:
Եվ հանկարծ մի օր իմացանք, որ մեր սիրելի Նգոմբոյի սիրտը, հանրապետության նախագահի ծանրագույն պարտականությունների բեռին չդիմանալով, կանգ է առել: Այդ վշտալի դեպքը տեղի էր ունեցել Լոնդոնում, միջազգային խորհրդաժողովի օրերին: Բերեցին նրա դին հայրենիք, փառահեղ թաղում եղավ և հայտարարվեց մի նոր արտահերթ ընտրություն:
Թաղումից ընդամենը երկու օր էր անցել, երբ Լուլուն անձամբ եկավ արհեստանոց և ասաց, որ լուրջ խոսելիք ունի հետս: Նա, անխոս, մի փաստաթուղթ դրեց առջևս. անգլիական բանկում գրանցված հաշվի քաղվածքն էր, որի վրա երկու անուն կար՝ Նգոմբո և Լուլու, և հարյուր միլիոն: Իմ ապշած դեմքը տեսնելով, նա ասաց.
-Սա ամբողջը չէ:
Եվ շարունակեց շշուկով. խնդրեց, որ ուղեկցեմ իրեն Լոնդոն, այդ գումարները ձևակերպենք իր անունով և հետո միասին նոր կյանք սկսենք Եվրոպայում: Ասաց նաև, որ դա դժվար չի լինի, քանի որ Նգոմբոն իր ամբողջ անշարժ և շարժական ունեցվածքը կտակել է թանկագին կնոջը, մնում է ապահովել մի քանի ձևականություն:
-Պետք է շտապել,- ասաց նա:- Որովհետև վաղը ով էլ գա իշխանության գլուխ, հաշվեհարդար է տեսնելու նախկին նախագահի ընտանիքի և մտերիմների հետ: Այդպիսին է աֆրիկյան ավանդույթը:
Եվ նա իրավացի էր:
Երկուսով մեկնեցինք Լոնդոն: Բանկում մեզ ընդունեցին առավել քան սիրալիր: Լուլուն ինձ ներկայացրեց որպես հանգուցյալ ամուսնու մտերիմ բարեկամ և խորհրդական: Բանկի կառավարիչն իր ցավակցությունները հայտնեց անակնկալ մահվան առիթով և միանգամից հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել:
Լուլուն նրան մեկնեց կտակի պատճենը և ասաց, որ, համաձայն այդ փաստաթղթի, կուզեր բանկում գտնվող ամուսնու բոլոր գումարների իրավատերը դառնալ:
-Այս փաստաթղթի կարիքը չունենք, - ասաց կառավարիչը: - Քանի որ Ձեր ամուսինը իր բոլոր հաշիվներում և ավանդներում որպես երրորդ անձ գրել է Ձեր անունը, դա նշանակում է, որ Դուք նրա հետ հավասար իրավունք ունեք տնօրինելու այդ գումարները, առավել ևս նրա մահից հետո:
Լուլուի դեմքին մի երանելի ժպիտ հայտնվեց:
-Իսկ ընդհանուր գումարը որքա՞ն է կազմում,- հարցրեց նա:
Կառավարիչը մի փաստաթուղթ դրեց նրա առջև: Լուլուն մեկ նայում էր թղթին, մեկ կառավարչին, ասես աչքերին չէր հավատում: Հետո թուղթը մեկնեց ինձ: Ես նայեցի այնտեղ նշված գումարին և քիչ մնաց գոռայի. երկո՜ւ միլիարդ և մի քանի տասնյակ միլիոն դոլար:
-Կարո՞ղ ենք այսօր այդ գումարը ձևակերպել իմ անունով, - հարցրեց Լուլուն:
-Կրկնում եմ, ձևակերպելու և նոր փաստաթղթեր ստեղծելու հարկ չկա, Ձեր անունն արդեն գրված է, դա նշանակում է, որ Դուք ազատ եք՝ այդ գումարները տնօրինելու, միայն թե… առայժմ մի խնդիր կա։
Կառավարիչը մի թուղթ հանեց դարակից:
-Ձեր կառավարությունը մի ֆաքս է ուղարկել մեզ, որտեղ պահանջում են սառեցնել հանգուցյալ նախագահի` Ձեր ամուսնու բոլոր հաշիվները։
-Ինչո՞ւ, - հարցրեց Լուլուն:
-Իսկ նրանք որտեղի՞ց գիտեն, որ մեր նախագահը հաշիվ էր բացել Ձեր բանկում,- հարցրի ես:
Բանկիրի դեմքը քարի պես անշարժ էր:
-Ես դա չեմ կարող ասել, հավանաբար, նա ինչ-որ մեկին պատմել է այդ մասին։ Համենայն դեպս մենք խստորեն պահպանում ենք հաշիվների գաղտնիությունը, և ես համոզված եմ, որ լուրը մեզնից չի գնացել:
-Եվ ի՞նչ, - հարցրի ես: - Պիտի այդպես մնան սառեցվա՞ծ:
-Ոչ, ի՜նչ եք ասում, - սիրալիր ժպիտը դեմքին պատասխանեց կառավարիչը:- Պարզապես պետք է բերել բոլոր այն թղթերը, որոնք կապացուցեն, թե ինչպես է նա այդ երկու միլիարդը վաստակել, և այդ ժամանակ Դուք կկարողանաք գումարը տնօրինել ըստ Ձեր հայեցողության: Իսկ մինչ այդ անձեռնմխելի կմնա այստեղ։ Անհոգ եղեք, այդ փողը Ձերն է, և ոչ ոք, անգամ ձեր կառավարությունն իրավունք չունի առանց Ձեր համաձայնության թեկուզ մեկ սենթ վերցնել դրանից:
Դա ծաղր էր, կատարյալ զավեշտ, սև հումոր, քանի որ կառավարիչը հրաշալի գիտեր, որ այդպիսի ապացույցներ երբեք չի ստանա, հետևաբար, աստղաբաշխական այդ գումարն ընդմիշտ կմնա բանկում՝ մյուս ողջ ու մեռած նախագահների միլիարդների կողքին:
-Բայց Դուք մի վհատվեք, - շարունակեց կառավարիչը՝ նայելով մեր սգակիր դեմքերին:- Ենթադրում եմ, որ դա Ձեզնից շատ ժամանակ չի խլի, իսկ մինչ այդ, ես հանձնարարել եմ, որ Ձեզ հիսուն հազար ֆունտ վճարեն բանկի կողմից, Ձեր ծախսերի համար։ Կարող եք հիմա էլ ստանալ: Հաճելի ժամանց մեր քաղաքում:
Հրաշալի՜ էր. հիսուն հազար երկու միլիարդի դիմաց:
Լուլուն մեռած էր՝ թաղած չէր: Հյուրանոցում մեզ տեղավորել էին երկու տարբեր սենյակներում, բայց նա խնդրեց, որ իր կողքից ոչ մի վայրկյան չհեռանամ. «Փրկիր ինձ, կարող է չդիմանամ, ինքնասպան լինեմ»:
-Ինչի՞ց մահացավ Լուիսը, բժշկական եզրակացությունում ի՞նչ էր գրված, - հարցրի նրան:
-Իբրև թե սրտային անբավարարությունից:
-Նա բողոքո՞ւմ էր սրտից:
-Ի՜նչ եք ասում, քարի առողջություն ուներ, ասում են` իբր ահավոր հարբած է եղել։ Չեմ հավատում, նա չէր ծխում, չէր խմում։ Նրան պարզապես սպանել են։
Այդ քաղաքում այլևս անելիք չունեինք, ուստի մոտակա թռիչքով վերադարձանք տուն:
Հաջորդ օրն իսկ մոտս եկավ Ադամ Սմիթը:
-Ի՞նչ ես անելու հարստությանդ հետ՝ առանձնատունը, հյուրանոցները, սուպերմարկետները։
-Ինչո՞ւ ես հարցնում:
-Մտահոգ եմ քեզ համար, ի վերջո, բարեկամներ ենք, չէ՞: Մոռացա՞ր, թե քո բնակարաններն ինչպես փրկեցի:
-Կարծում ես, որ նույնը կարող է կրկնվե՞լ:
-Այո, մանավանդ քեզ համար, քանզի բոլորը գիտեն, որ դու հանգուցյալ նախագահի մտերիմ բարեկամն էիր: Մի՞թե չհասկացար, որ այս երկրում նորմալ իշխանափոխություն չի լինում, պետական մի հեղաշրջումը հաջորդում է մյուսին:
Նա նույնիսկ ժամանակ չտվեց մտածելու.
-Ես գնում եմ բոլորը, կարող ենք հենց այսօր էլ ձևակերպել:
-Իսկ դու չե՞ս վախենում, որ քեզ էլ կկողոպտեն:
-Բացառվում է. նախ ես Նգոմբոյի հովանավորյալների շարքում չէի, երկրորդ՝ ես անգլիական հեղինակավոր թերթի թղթակիցն եմ և իմ թիկունքին հաստատուն կանգնած է իմ երկրի դեսպանատունը, այնպես որ մի ձգձգիր, քեզ համար եմ ասում:
Եվ նա մի թիվ գրեց թղթի վրա, որը կազմում էր այդ ունեցվածքի իրական արժեքի մեկ քառորդը:
-Լսիր, Ադամ, ինձ համար թանկ է մեր ընկերությունը, բայց սա կողոպուտ է:
-Կներես, բարեկամս, բայց քո լկտիությունը պարզապես զարմացնում է ինձ. այդ ամբողջ ունեցվածքի համար դու մեկ սենթ անգամ չես վճարել, հիմա միանգամից ստանում ես դրա արժեքի մեկ քառորդը, ահագին մի գումար, և դեռ սակարկո՞ւմ ես։ Եթե նույնիսկ տասը տոկոսը տայի, դարձյալ պիտի գոհ լինեիր:
Նա իրավացի էր, և մինչև համաձայնությունս հայտնելը հարցրի.
-Իսկ որտեղի՞ց գիտես, որ վճարողը ես չեմ եղել:
-Սիրելիս, ես շատ բան գիտեմ, բայց իմացածիս չնչին մասն եմ քեզ հայտնում, այն էլ անհրաժեշտության դեպքում, քեզ լավություն անելու համար:
Ես մի տեղ կարդացել էի, որ անգլիացի նշանավոր գրողներից շատերը՝ Կիպլինգը, Չեստերտոնը, Սոմերսեթ Մոեմը, Գրեհեմ Գրինը, Յան Ֆլեմինգը, Ջոն Լե Կարրեն և ուրիշները, գրիչ բանեցնելու հետ միաժամանակ հետախույզ են եղել, և հպարտ էին, որ այդ կերպ ծառայում են իրենց երկրին: Իսկ իմ բարեկամ, խոստումնալից արձակագիր, շնորհալի լրագրող Ադամ Սմիթն ինչո՞ւ պիտի բացառություն կազմեր:
Նրա խորհրդավոր պահվածքը, ծակուծուկ մտնելու կարողությունը, բազմատեղյակությունը, վերջապես սպասվելիք իրադարձությունների ճշգրիտ կանխորոշումը վկայում էին, որ ոչ միայն հեռատես է և քաղաքական բացառիկ հոտառություն ունի, այլև գուցե այդ ամենի հմուտ «բեմադրիչն» է:
-Եվ որպեսզի այսուհետ ինձ երեխայական հարցեր չտաս, ասեմ նաև, որ ամենայն մանրամասնությամբ գիտեմ, թե ինչու գնացիք Լոնդոն և թե ինչ պատասխան ստացաք այնտեղ։ Հա, հուսամ՝ միամիտ չեղաք և այն հիսուն հազարը վերցրիք։ Ի վերջո, դա մեր կառավարությունն է վճարում Նգոմբոյի վշտակրած այրուն՝ ամուսնու անշահախնդիր ծառայության համար: Ի դեպ, ես նրա տեղը լինեի` կրկնակին կպահանջեի, այո, կպահանջեի, ոչ թե կխնդրեի, չէ՞ որ նրա ամուսինը երկու միլիարդ է նվիրել մեր գանձարանին։
Չգիտեմ՝ սա բացահայտ ցինի՞զմ էր, թե՞ անգլիական երկիմաստ սրամտություն: Հավանաբար թե՛ մեկը, թե՛ մյուսը: Բայց ես պատճառ չունեի վրդովվելու, քանի որ ոչ երկու միլիարդ «նվիրողն» էի, ոչ էլ հիսուն հազար ստացողը: Չասած, որ այդ կողոպուտից մի յուղոտ պատառ արդեն ինձ էր հասել: ՈՒստի որոշեցի առանց որևէ վերաբերմունք ցուցաբերելու օժտվել առիթից և ունկնդրել նրա մենախոսությունը:
-Գաղութատիրության դասական ժամանակներում այդպիսի գումար կորզելու համար առնվազն տասը հազար զինվոր պիտի ուղարկեինք այս երկիր, հսկայական ծախսեր անեինք դրանց պահելու, կերակրելու վրա, հետո էլ արյունարբու գաղութատիրոջ հեղինակություն վաստակեինք: Իսկ հիմա, մի տականք ենք ուղարկում այստեղ, որը կարճ ժամանակում քամում է երկրի ամբողջ հարստությունը և ինքնակամ հանձնում մեզ։ Չէ՛, ամոթ է, մեր կառավարությունը շատ ժլատ եղավ, գոնե մեկ միլիոն վճարեր։ Գոնե շվեյցարական բանկերի օրինակին հետևեին, որոնք Ֆիլիպինների նախագահի թալանած տասը միլիարդի մեկ տոկոսը բաշխեցին նրա ազգականներին, իսկ մնացած 99 %-ի համար ազգականներն աշխարհով մեկ ընկած մինչև հիմա թղթեր են հավաքում, որպեսզի ապացուցեն, թե հայրենանվեր նախագահն ինչպես էր իրեն քնից ու հանգստից զրկում, որ այդ միլիարդները վաստակի։ Կարծեմ ձեզնից էլ ուզեցին։
-Իսկ ի՞նչ գիտեիք, որ Լուիսը տականք է: Նա շատ ազնիվ, կարելի է ասել՝ արդարության համար պայքարող մարտիկ էր:
-Ազնիվ էր մինչև փորձությունը: Պատմությունը մեզ ասում է, որ միայն Հիսուսն էր և նրան հաջորդած մի քանի սրբեր, որ դիմադրեցին Սատանայի գայթակղությանը: Մնացած բոլորն իրենց հոգին ծախեցին՝ էժան կամ թանկ:
-ՈՒրեմն, աշխարհում մաքուր մարդ չի՞ մնացել:
-Ո՜չ, ինչո՞ւ ես այդքան հոռետես, ազնիվ մարդիկ շատ կան, պարզապես նրանց թույլ չեն տալիս այդպիսի բարձր դիրքերի հասնել, իսկ եթե հասնում են և շարունակում ազնիվ մնալ, ապա նրանց մեծ շուքով թաղում են։ ՈՒրիշ բան էլ ասեմ. ազնիվ մարդիկ մեզ պետք են մեր երկրում, իսկ այստեղ մենք գերադասում ենք գործ ունենալ միայն տականքների հետ:
Ինչո՞ւ որոշեց այս բաներն ինձ պատմել, և այսպես բացեիբաց։ Այո, երևում էր, որ քեֆը լավ է, բայց շատ է եղել, երբ միասին խմել ենք, նույնիսկ չափն անցել, սակայն նրանից ոչ մի ավելորդ բառ չեմ լսել:
-Բայց Լուիսը, ինչպես ասացիր, չդիմադրեց գայթակղությանը, և դարձյալ հանդիսավոր թաղում արեցիք:
-Նա ոչ թե չդիմադրեց, այլ միանգամից վազեց ընդառաջ և չափը կորցրեց։ Նա պարզապես ագահորեն լափում էր: Ինչ-որ տեղ պետք է կանգ առնել և մի քիչ էլ մտածել ժողովրդի մասին:
-Իսկ մի՞թե ձեր ուզածը դա չէ՝ հնարավորինս արագ և հնարավորինս շատ:
-Գիտես ինչ, սիրելիս, մեկլիտրանոց շշում կարող է տեղավորվել ընդամենը մեկ լիտր, և դատարկելիս ցանկալի է տակը մի երկու-երեք հարյուր գրամ թողնել մյուսներին, մինչդեռ Լուիսը ոչ միայն տակը ոչինչ չէր թողնում, այլև ուզում էր մեկլիտրանոցից երկու լիտր դատարկել:
-Ինձ ուրիշ բան է հետաքրքրում. Ֆիլիպինների նախագահի օրինակը բերեցիր, ուրիշ բազմաթիվ օրինակներ էլ կան, երբ հարյուրավոր միլիարդներ կողոպտվում են և դրվում եվրոպական բանկերը, իսկ կողոպտողներն այդպես էլ չեն կարողանում օգտվել իրենց թալանածից, Լուիս Նգոմբոն զարգացած մարդ էր, և համոզված եմ, որ քաջատեղյակ էր այդ ամենին, բայց դարձյալ կրկնեց նախորդների սխալը, իր թալանածը չվայելեց, փաստորեն, սպանվեց, հարուստ Եվրոպան է՛լ ավելի հարստացավ, մեջտեղը տուժեց ժողովուրդը:
-Այդ ավազակ ղեկավարներից ոչ մեկը չի վայելել իր թալանածը և չի վայելելու: Բայց դա ոչինչ, նրանց մեծ մասին սատկացնում են շան պես, և այնուհանդերձ մյուսները դաս չեն առնում և շարունակում են թալանել, և պիտի թալանեն, որովհետև ագահությունը տխմարացնում է մարդուն:
-Բայց կարծես սկսել են հետևություններ անել՝ անշարժ գույք առնել: Վերջերս իմացա, որ աֆրիկյան բռնակալներից մեկը երեսուն, թե քառասուն շքեղ բնակարան է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, իսկ նախկին խորհրդային հանրապետություններից մեկի վարչապետն էլ բազմաթիվ հյուրանոցներ ունի Իսպանիայի ծովափերում:
-Ոչ, նրանք անկարող են ճիշտ հետևություններ անելու, որովհետև կորցրել են խիղճն ու բանականությունը: Այդ մենք ենք նրանց հուշում, թե իբր այդպես ավելի ապահով է: Թող առնեն, թող մի որոշ ժամանակ վայելեն այդ տները, վերջը մի օրենք կհանենք և այդ թալանը հետ կվերցնենք: Խնդրեմ, Բեբի Դոկը Հաիթիից փախավ Ֆրանսիա, հարյուրավոր միլիոններ ուներ ֆրանսիական բանկերում, միջնադարյան շքեղ մի դղյակ առավ, բայց չթողեցին, որ վայելի, հիմա Նիցցայում տաքսի քշելով է վաստակում իր հացը և գոհ է իր կյանքից, որ չեն սատկացրել: Առա՛յժմ:
-ՈՒրեմն այս երկրներն ընդմիշտ դատապարտված են թշվառությա՞ն, հնարավոր չէ՞, որ վաղը-մյուս օրը ժողովրդի ծոցից ելնի ըմբոստ մեկը և թոթափի այս լուծը:
-Իսկ Լուիս Նգոմբոն ո՞ւմ ծոցից էր ելել և ըմբոստ չէ՞ր:
Խնդիրը փակվեց, մանավանդ որ ես այլևս հարց չունեի տալու:
Հաջորդ օրը, նոտարի մոտ գնալուց առաջ, Ադամ Սմիթը հարցրեց, թե ինչպես կուզեի ստանալ դրամը:
-Ես կգերադասեի առձեռն, որպեսզի փոխանցեմ Լուլուին, այդ դրամն իմը չէ, նրանն է:
-Լուլուի համար մի մտահոգվիր, նա հիմա գեներալ Վիլյամ Զումբայի սիրուհին է և, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կդառնա հանրապետության առաջին տիկինը: Այնպես որ, նա հիմա դրա կարիքը չունի, մանավանդ որ դա երբեք նրանը չի եղել:
Այդ դրամը նաև իմը չէր, բայց ես ընդունեցի նրա նվերը, ի վերջո ժամանակին ծառայություն էի մատուցել հանրապետության նախագահին և իր տիկնոջը: Հավանաբար դրա համար արժեր վճարել:
Իսկ երբ նույն օրը երեկոյան նշում էինք գործարքի բարեհաջող ավարտը, Ադամ Սմիթը նորից անկեղծանալով ասաց.
-Ես չեմ հասկանում՝ ի՞նչ ես կորցրել այս վայրենի երկրում, արդեն բավականաչափ դրամ ունես, արհեստանոցդ էլ ծախիր, վերադարձիր Բեյրութ կամ գնա կարգին մի երկիր և հանգիստ ապրիր: Հայտնի չէ, թե վաղն այստեղ ինչեր կլինեն։
Փարիզ, ապրիլ 2014 թ.

Դիտվել է՝ 154517

Մեկնաբանություններ