Արտգործնախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ստացվում է՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է լինի մաքսակետ: Հայաստանի արտգործնախարարությունը պայմանագիրը տրամադրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որն էլ այն տեղադրել է իր կայքէջում:
Փաստաթղթի հավելված 2-ի 7-րդ կետում նշվում է. «Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 2009 թ․ նոյեմբերի 27-ի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին կետում «տարածքներ» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը»: Մաքսային միության Մաքսային օրենսգրքի պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին կետը արձանագրում է․ «Մաքսային միության միացյալ մաքսային տարածքը կազմում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները»: Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է․«Մաքսային վերահսկողություն իրականացվում է մաքսային սահմանը հատող ապրանքների [նկատմամբ]»: