Խարկովում պրոուկրաինական ակտիվիստները ապամոնտաժել են Ազատության հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը: Ցուցարարները սղոցել են արձանը ստորին հատվածից և պարանի օգնությամբ քաշել-հանել այն պատվանդանի վրայից: Ըստ ՆԳՆ Խարկովի մարզի վարչության տվյալների՝ հրապարակում հավաքվել էր մոտ երեք հազար ցուցարար: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «մշակութային ժառանգության և սեփականության կառույցների ոչնչացում կամ վնասում» փաստով:
Կիրակի օրը Խարկովում բազամահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որին, մարզի իշխանության տվյալներով, մասնակցել է ավելի քան ութ հազար մարդ: Ցուցարարների գլխավոր կոչն է եղել «Խարկովը դա ՈՒկրաինան» է կարգախոսը, երթի ժամանակ նրանք վանկարկել են «Փառք ՈՒկրաինային», «Մեկ հավաքական ՈՒկրաինա»: Ցուցարարների մեջ եղել են պետական դրոշով և «Ազատություն», «Բատկիվշչինա», «Աջ հատված» կուսակցությունների խորհրդանիշերով մարդիկ: Հանրահավաքին մասնակցել են Խարկովի մարզի ղեկավար Իգոր Բալուտան և ՈՒկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Բալուտան լրագրողներին ասել է, թե ակցիան նախաձեռնել էր հասարակությունը, իսկ մարզային իշխանությունը աջակցել է: «Ես կարծում եմ` ճիշտ է, որ հանրահավաքում իրենց կարծիքն արտահայտեն հենց ակտիվ պրոուկրաինական դիրքորոշում ունեցող ակտիվիստները»,-ասել է Բալուտան: