ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով ՀՀ ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու նախագահների առանձնազրույցը:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան և վստահ է, որ բարձրամակարդակ փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են: Նա ընդգծել է, որ հայ-հունական բարեկամությունը խոր ու կենսունակ արմատներ ունի և վստահություն է հայտնել, որ նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին և ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է:
Նախագահ Կարոլոս Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդելու և խորացնելու հայ-հունական բարեկամական հարաբերությունները: Երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ և հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը և Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաև տարածաշրջանի վիճակն ու մարտահրավերները: Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի և Հայաստանի հարաբերություններին, և որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի: Հունաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-հունական ռազմական համագործակցության մասին, բարձր գնահատելով մի շարք այլ ոլորտներում ևս՝ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, ապակենտրոնացված համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը:
Հանդիպման ժամանակ Կարոլոս Պապուլիասը դրվատանքով է խոսել Հունաստանում հայկական համայնքի մասին, նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են հասարակությանը, դարձել Հունաստանի արժանավոր քաղաքացիներ` լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ: Նախագահ Պապուլիասը ջերմությամբ է խոսել Հայաստանում հունական փոքր, բայց իր բնորոշմամբ, կազմակերպված ու դինամիկ համայնքի մասին, ում հետ այցի շրջանակներում հանդիպում է ունենալու:
Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-ների առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: