Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլին, Երևանում՝ խորհրդարանում կայացած ասուլիսում հայտարարել է Աժ Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վարշավայում նա մասնակցել է Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ խորհրդարանական վեհաժողովին, որտեղ ելույթ է ունեցել և ներկայացրել Հայաստանի հայտը: Հաջորդ տարի Երևանում կայանալիք նիստին կմասնակցեն եվրոպական 40 երկրների խորհրդարանների Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարներ: «Ֆրանկոֆոնիայի պատմության մեջ և Հայաստանի անդամակցությունից ի վեր, նախ որպես դիտորդ, ապա՝ ասոցացված, հիմա՝ լիարժեք անդամ, սա բացառիկ կինի, որովհետև նախագահների նիստ մեր երկրում երբևէ տեղի չի ունեցել: 2010 թ. եղել է տարածաշրջանային նիստ»,- ասաց Մ. Եսայանը: Նա շատ կարևորեց այդ պայմանավորվածությունը այն առումով, որ հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: «Իսկ այդ օրերին որքան շատ բարեկամներ, արտասահմանյան գործիչներ լինեն Հայաստանում, առավել մեծ հնարավորություն կունենանք աշխարհին ներկայացնել Ցեղասպանության պատմությունը, ծանոթացնել ԼՂՀ կոնֆլիկտի ծագումանաբանությանն ու կարգավորման իրական գործընթացին»,- ասաց պատգամավորը: Մարգարիտ Եսայանի փոխանցմամբ՝ Ֆրանկոֆոնիայում Հայաստանի եվրոպացի գործընկերները տեղեկացված էին և Լեռնային Ղարաբաղի խնդրից, և Ցեղասպանության 100-ամյակի մասին: «Մեզ մոտենում էին Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և այլ երկրների ներկայացուցիչներն ու ասում էին, որ իրենք անպայման ներկա են լիելու Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներին: Ես կարծում եմ, որ մենք որքան ճանաչելի և ընկալելի լինենք միջազգային կառույցներում, որքան կապերն ավելի ամրապնդվեն, այնքան մեր խնդիրները միջազգային տարբեր կառույցներում կկարողանանք ճիշտ ներկայացնել»,- ասաց պատգամավորը: