Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ն հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անունով հայտնի ահաբեկչական խմբի մահ ու ավերածություններ տարածող գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում ու Սիրիայում, կրոնական ու էթնիկ համայնքների վիճակը «տագնապահարույցից վերաճել է հուսահատականի»: Ընդունելով ԵԽԽՎ բանաձևը՝ խորհրդարանականները հայտարարել են, որ գլխավորը շարունակվող զանգվային սպանությունների կասեցումն է: Նրանք կոչ են արել ԵԽ անդամ պետություններին «հնարավորն անել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:
Հունաստանի ներկայացուցիչ Թեոդորա Բակոյանիսի զեկույցի հիման վրա կազմված բանաձևում խոր անհանգստություն է արտահայտված, որ ԻՊ-ի շարքերում Սիրիայում ու Իրաքում կռվում են 3.000 երիտասարդ եվրոպացիներ: ԵԽ անդամ պետություններին կոչ է արվում ակտիվորեն պարզել նրանց ինքնությունը և «բացահայտել ու կասեցնել ահաբեկիչների հավաքագրման կետերը»: Բացի այդ՝ պետք է գտնվեն և հնարավորինս վերացվեն նրանց ֆինանսավորման աղբյուրները, իսկ մեղավորները պատժվեն: