Եվրամիությունը սպասում է Հայաստանի պատասխանին, թե վերջինս ինչպես է ցանկանում առաջ շարժվել ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ Գերմանիայի վերամիավորման տոնի առթիվ կազմակերպված ասուլիսում: Դեսպանը նշել է, թե դեռևս հայտնի չէ՝ Հայաստանը երբ կանդամակցի ԵՏՄ-ին, թեև խոսվում է պայմանագիրը հոկտեմբերի 10-ին ստորագրելու մասին: Ռայներ Մորելի խոսքով՝ պետք է սպասել «իրադարձությունների հետագա զարգացմանը»: Դիվանագետի մեկնաբանմամբ՝ թեև Հայաստանը Վիլնյուսում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, սակայն նաև «ոչ» չի ասել ԵՄ-ի հետ հարաբերություններին:
Ներկայումս էլ շարունակվում է երկխոսությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև, և նոյեմբերին Բրյուսելում տեղի կունենա հանդիպում ԵՄ ներկայացուցիչների և հայկական պատվիրակության միջև: Մորելն ասել է, թե բանակցությունները շարունակվելու են՝ «հստակեցնելու համար Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ձևաչափերը»: Հոկտեմբերի 10-ից հետո, երբ Հայաստանը ստորագրի ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագիրը, «կհստակեցվի նաև Եվրամիության հետ փոխգործակցության ձևաչափը»: