Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքի հերթական զեկույցը՝ «Հայաստանը և Արևմուտքը. նոր տեսլական Կովկասի համար» վերտառությամբ: Զեկույցի նախնական տարբերակը ներկայացվել էր հուլիսի 2-ին ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած ներկայացուցչական քննարկումների ժամանակ:
Զեկույցը նախատեսված է այն մասնագետների և քաղաքական գործիչների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանի, ինչպես նաև վերջինիս՝ Արևմուտքի հետ ունեցած կապերի ամրապնդմամբ: Այն պարունակում է նորարարական մի շարք մտքեր, որոնք մարտահրավեր են նետում Հայաստանում և Կովկասում Արևմուտքի ներգրավման մասին գերակայող տեսակետներին:
Զեկույցում միտումնավոր անտեսվում է Հայաստանի զարգացման առանցքային խոչընդոտող գործոնը՝ երկրում առկա կառավարման մակարդակը, և ներկայացվում է տարածաշրջանի համար մի այնպիսի տեսլական, որը կարող է գոյություն ունենալ Հայաստանում սեփական ժողովրդի լայն աջակցությունը վայելող, գլոբալ միտումների հետ համաշունչ քայլող և երկրի անկախությունն արտաքին միջամտություններից ապահովել կարողացող առաջնորդների առկայության պարագայում:
Փոփոխությունները, որոնք ասպարեզ կբերեն այս տեսակի առաջնորդների, ի վիճակի կլինեն կապանքներից ազատելու Հայաստանի զարգացման ներուժը և արդյունավետորեն հանգեցնելու զեկույցում առաջարկվող արտաքին քաղաքականության վերաուղղորդմանը:
Զեկույցում ասվում է, որ թեպետ Հայաստանն ինքն է մեղավոր ներկայումս ստեղծված իրավիճակի համար, այնուամենայնիվ, Արևմուտքը բաց է թողել Հայաստանին դեպի ժողովրդավարություն և լավ կառավարում ուղղորդելու հնարավորությունը:
Այդուհանդերձ, վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են տալիս Արևմուտքին՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն, ինչպես շեշտվում է զեկույցում, դա չի կարող տեղի ունենալ ներկայիս իշխող վարչակարգի պարագայում, որը վատնել է երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական ներուժը և Հայաստանը հասցրել է անդառնալիի եզրին:
Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում են Հայաստանի և հարևան պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունները: Թեև զեկույցում ընդունվում է առկա ստատուս քվոյի լրջությունը, որը հենված է Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության նախընտրությունների միջամտության վրա, այնտեղ նաև ելք է առաջարկում:
Ընդգծվում է, որ Ռուսաստանի ներկայիս վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ դեմ է երկու երկրների երկարաժամկետ շահերին: Հարաբերությունների նման դասավորվածությունը չի կարող կայուն լինել: Մարտահրավերը Ռուսաստանին համոզելն է, որ այն հետ կանգնի և հնարավորություն տա Հայաստանին կամուրջներ կառուցելու այլ երկրների ու խմբերի հետ՝ հենվելով սեփական ռազմավարական շահերի վրա, բայց՝ միաժամանակ պահպանելով իր բացառիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: