Բելառուսը հանդես է գալիս ի պաշտպանություն ՈՒկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության, Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ Բելառուսը չի ցանկանում տեսնել ՈՒկրաինայի մասնատումը։ Շատերը հայտարարում են, որ Ղրիմն ի սկզբանե հին ռուսական տարածք է և «սխալմամբ» է անցել ՈՒկրաինայի կազմի մեջ, սակայն Բելառուսի նախագահն ասել է, որ դա շատ սխալ մոտեցում է։
Նա նաև ասել է, որ եթե այս լարված իրավիճակը դադարեցվի, մեկ տարում բոլոր կողմերի և Արևմուտքի մասնակցությամբ հնարավոր կլինի երկրում կայունացնել վիճակը։ Լուկաշենկոյի խոսքերով, եթե խոսքը կայունացման մասին է, հնարավոր է բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Սահմանադրության բարեփոխումներ անցկացնել և լավացնել քաղաքական գործընթացները։