Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է քննարկելու աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը, որը կկապի Վրաստանը և Ռուսաստանը:
Աբաշիձեն նշել է, որ մինչ այդ թեման չի քննարկվել իր և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպումներում: Նրա խոսքով, եթե Մոսկվան ցանկանա քննարկել հարցը, պաշտոնական Թբիլիսին պատրաստ է քննարկման` ելնելով իր պետական շահերից: Զուրաբ Աբաշիձեի կարծիքով, դա ոչ միայն տրանսպորտային խնդիր է, այլև ավելի բարդ և լուրջ հարց: Խոսքը Աբխազիայի մասին է, և մինչև տրանսպորտային հարցերի քննարկումը պետք է ընդհանուր հայտարարի գալ քաղաքական հարցերում: Նշվում է, որ աբխազական երկաթգծի վերաբացման նախաձեռնությամբ հանդես է գալիս Հայաստանը, որը ցանկանում է տրանսպորտային կապ ունենալ իր քաղաքական և տնտեսական գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ: