Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կառավարության հետ լարված հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններից հետո: Forbes Georgia պարբերականի հետ հարցազրույցում Մարգվելաշվիլին հայտարարել է, որ նման իրավիճակների առաջացումը սովորաբար կապված է Իվանիշվիլու հայտարարությունների հետ. «Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ եթե նա տա ևս մեկ հարցազրույց, կլինեն հուզումներ»: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ 10 ամիս անձնական շփումներ չի ունեցել Իվանիշվիլու հետ. «Միևնույն ժամանակ նրա երկու բաց հայտարարություններում հնչել է իմ հանդեպ քննադատություն, սակայն ես չեմ կարող պատասխանել, քանի որ չի եղել քաղաքական համատեքստ: Չէ՞ որ նա չի ասում, թե ես փոխել եմ քաղաքական կողմնորոշումս: Խոսքը վերստին անձնական հարաբերություններից, զգացողություններից, էմոցիայից վերցրած արտահայտությունների մասին է: Այդ մասին չպետք է խոսեն քաղաքականությունում»: