Վերևից եկող կամքն այնքան կարևոր չէ, որքան ներքևից եկողը: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և դրանք համեմատելով ժամանակին լարված ֆրանս-գերմանական հարաբերությունների հետ: Դեսպան Մորելն ասել է, որ չնայած ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ աշխատանքին, հարաբերությունների կարգավորման հարցում շատ է կարևորվում երկխոսությունը:
ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ «Խաղաղության կորստից մինչև Եվրոպական միության հիմնում» խորագրով միջոցառումից հետ կայացած ասուլիսում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նույնպես անդրադարձել է խնդրին: Վերջինս նշել, թե չկան այնպիսի անջրպետներ, որոնք հնարավոր չլինեն հաղթահարել: Դեսպաններն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում խաղաղ բանակցությունների կարևորությունը: «Չկա ռազմական լուծում այդ թնջուկին, և միայն դիվանագիտական ճանապարհով կարելի է այդ խնդիրը լուծել», -ասել է Անրի Ռենոն: ՀՀ-ում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններն անդրադարձել են նաև հոկտեմբերին Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ «հանդիպման նպատակն է խաղաղության հասնել ԼՂ հակամարտության հարցում»: Անրի Ռենոն նշել է, թե իր երկրի առաքելությունն է խաղաղության հասնել այս հակամարտության մեջ, և կարևորել երկու նախագահների կայանալիք հանդիպումը Փարիզում, որը, դիվանագետի բնորոշմամբ, կխթանի Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը: «Այսպիսի խնդիրներն առանց երկխոսության չեն լուծվում»,- ասել է նա: