Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Քուրդը նավթի վերջին մնացորդները այնպիսի ոգևորությամբ շաղ տվեց Ավզուտ գյուղի մեծ գոմի դռանն ու փայտի կույտերին, կարծես իր առաջնեկ տղայի հարսանիքի խորովածի կրակն էր վառում։
-Դե վառի՛, էս մի քանի հարյուր գյավուրներից էնպիսի խորոված սարքենք, որ Մշո դաշտի շներն ու գելերը մի տարի ուտեն, չվերջանա,- ապագա թալանը աչքերի առջև արդեն հստակ տեսնող տարեց քուրդը, ձեռքերը հաճելիորեն շփելով, կարգադրեց ջահել հայրենակցին։- Մի երկու-երեք ժամում գոմը մոխիր կդառնա, ասկյարներն էլ կգան կտեսնեն ու մեզ մեծամեծ պարգևներ կխոստանան՝ ինչքան կով ու ոչխար կթալանենք, պահած ոսկիները կհանենք, էն ջոկած խորոտ կանանց ու աղջիկներին կտիրանանք։ Փա՜ռք ալլահին։
Կրակի լեզվակներն արդեն շրջափակել էին գոմը։ Քուրդը նույն ոգևորությամբ հացի բոխչան բացեց։
-Դե հիմի նստենք, մարդավարի հաց ուտենք։ Էս խորովածը գյավուրի՝ դրմերդցի Մուշեղի թոնրից հանեցի, սիրուն կնիկ ուներ։ Մարդուն արտի մեջ սպանեցի, կնոջն էլ՝ Սալոյին, գիշերը զոռով տարա մեր տուն։ Ինչ արեցի՝ մոտս չպառկեց։ Ջղայնացա, չվանը բերեցի, գցեցի վիզն ու երդիկից կախեցի։ Հոգնած էի, ջահել աղջկաս ասացի. «Ես մի քիչ քնեմ, դու ուշադիր նայիր, երբ որ խեղդվի պրծնի, ինձ քնից կհանես»։ Իմ քնած ժամանակ խեղդվող գյավուրը էնքան է տարուբերվում, որ չվանը կտրվում է, ինքը փախչում է։ «Փախա՜վ, փախա՜վ գյավուրը»,- ձեռքս քաշելով՝ գոռում էր աղջիկս։
-Աֆա՛րմ, թասիբով աղջիկ ունես,- խորովածի մեծ պատառը ագահաբար կուլ տալով և կրակի թեժությամբ հմայվելով՝ ավագի խոսքը կտրեց երիտասարդ քուրդը։
-Իրա թասիբին ղուրբան, որ ինձ քնից հանեց, հրացանն առա ու հայդա՜ Սալոյի հետևից։ Հասա՜, հրացանի ղոնդախով տվի գլխին։ «Գնդակն ափսոս է, որ քո ճակտին զարկեմ»,- ասացի ու կացնով գլուխը բացեցի, կրծքերը պոկեցի։ Որ տեսնեիր՝ ճակատս կպաչեիր։
Տարեցը հեքիաթի պես էր պատմում, կրտսերը հեքիաթ էր լսում։
Կրակի կատաղած լեզվակներն ավելացնում էին քրդերի ախորժակն ու ոգևորությունը։
Մարագի ներսում դժոխք էր։ Մարդիկ ոռնում էին անզորությունից, ճիչ ու աղաղակով ոտնատակ տալիս իրար, նույնիսկ անեծքն էին մոռացել։ Ծխի քուլաների մեջ, իր երեք տղաներին գրկած, դրմերդցի Սանամը անակնկալ վազեց գոմի անկյունը, սկսեց կոտրատել մարդակների արանքի ճյուղերը, եղունգներով հողն էր ճանկռում ու փորում։ Քիչ անց լույսի մի շող բացվեց։ Փայտի ճյուղերը բզկտում էին ձեռքերը, փշերը մտնում էին եղունգների տակ, արյունը խառնվում էր հողին։ Անցքը մեծացավ, բայց կրակը մոտենում էր։ Հնարավոր չէր բոլորին փրկել։ Սանամը հասցրեց միայն մեծ որդուն՝ տասնվեց տարեկան Համբոյին, անցքից դուրս հրել։
-Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա,- թանձր ծխի ու կրակի միջից Համբոյին հասավ մայրական վերջին պատգամը։
Տղան կրակի արնագույն լեզվակների միջով տանիքից ցած թռավ ու վազեց դեպի ձորը։ Քրդերը նկատեցին։ Երկու հրացանների գնդակները սուրում էին գլխավերևում, ականջների մոտ, ոտքերի տակ։
-Էս գյավուրին մեռնել չկա, Աստծու պահած է, գնդակ չի կպնում,- հացի թքախառը պատառը բերանից շպրտեց տարեց քուրդն ու, կրտսերի հետ ձիերը թամբելով, սլացավ ձորի կողմը։ Համբոն թռչում էր քարերի վրայով, փշերի միջով։ Ձիավորները, շրջանցելով ժայռերը, մոտենում էին։ Այլևս ծպտվելու հնար չկար։ «Միակ ելքը ժայռից նետվելն է»,- անցավ Համբոյի մտքով։ Եվ քրդերը տեսան, թե Համբոն, օդում թևերը բացած, ժայռից ինչպես գահավիժեց։ Քրդերին հասավ Համբոյի հայհոյախառն ճիչը՝ «Ես ձեր հավատը...»։
-Ափսո՜ս, չբռնեցինք, մոր ու եղբայրների հետ նույն կրակում կմոխրացնեինք։ Ոչի՛նչ, էս էլ պակաս չէր, կարգին ջարդուխուրդ եղած կլինի, հետ գնանք,- ասաց տարեցը, և շրջեցին ձիերի գլուխները։
Կրակն արդեն հսկա գոմը մոխրացրել էր։
-Էդ ղոչաղ տղան, ճիշտն ասած, ինձ շատ զարմացրեց, Աստծու պահած էր, կուզենամ նրա դիակը տեսնել, համոզվել,- կասկածանքով ասաց տարեց քուրդն ու շարժվեց ձորի ուղղությամբ։ Երբ ժայռի ծերպով ներքև իջավ, մի պահ աչքերին չհավատաց. տղան կենդանի էր՝ մեջքին վիրավոր ընկած։ Համբոն նկատեց իրեն մոտեցող քրդին։ Այլևս ոչինչ անել հնարավոր չէր։ Ընդամենը ճչաց ու, մարմինը մի կերպ գլորելով, նետվեց զառիթափից։ Քուրդը ցնցվել էր. «Ա՜յ քեզ ղոչաղ գյավուր»։ Քուրդը զառիթափից զգուշորեն իջավ ու դարձյալ չհավատաց աչքերին։ Տղան կենդանի էր, փշրված ատամից արյուն էր հոսում։
-Գյավո՛ւր, մի՛ վախեցիր, էլ քեզ մեռնել չկա, քեզ ոչինչ չեմ անի,- գոռաց քուրդն ու վազեց տղայի կողմը։ Բռնեց Համբոյի ձեռքը, նայեց նորից գահավիժել ցանկացող Համբոյի աչքերին։ Քուրդը շանթահար եղավ՝ անգամ մահը չի ուզում տանել տղային։
-Էս տղան իրոք Աստծու պահած է, սրան մեռնել չկա։ Դե որ Աստված էս գյավուրի տղային պահում է, ուրեմն իմ էրեխեքին էլ է տեսնում։ Վա՜յ, չէ՛, չէ՛, չէ՛, Աստծուն հիշելու հեչ ժամանակը չէր,- հանկարծ լեզուն կծեց քուրդը։- Չեմ ուզում, որ սրա մեղքը իմ էրեխեքի վզին ընկնի,- մի պահ երկմտեց, հետո կարկամեց քուրդը։ Անսովոր մի դող այրեց մարմինը, ոտքերը թուլացան, մի աներևույթ ձեռք սեղմեց կոկորդը, շունչը կտրվում էր։ Քուրդը հիշեց անցած գիշեր պարանից կախված Սալոյին, ականջին հասան իր դեռատի աղջկա խոսքերը. «Փախա՜վ, փախա՜վ գյավուրը»։ Սկզբում խղճահարության, հետո ամոթի նման ինչ-որ բան պղտորեց արյունը. «Ես իմ աղջկան էլ եմ մարդասպան դարձրել, ո՞նց են ապրելու։ Մի օր նա էլ կգիտակցի մեղքը, խիղճը նրան էլ կտանջի. ես գերեզմանում հանգիստ չեմ մնա...»։
Քրդի այլայլված դեմքից ու խղճահարությունից Համբոն ինչ-որ բան զգաց, սակայն դժվարանում էր հավատալ, որ գազանի մեջ մարդն է զարթնում։ Քուրդը դողացող ձեռքերով զգուշորեն շոշափեց տղայի մարմնի վնասված մասերը, Համբոյին նստեցրեց ձիուն, սանձը հավաքեց ափի մեջ և դանդաղ ու գլխիկոր քայլեց դեպի իր տունը։
-Էս տղան Աստծու պահած է, ոչ ոք չփորձի նրա խաթրին կպնել, պիտի բուժենք, շուտ ոտքի հանենք,- խստորեն կարգադրեց իրեն զարմանքով ու ակնապիշ նայող տնեցիներին։ Քուրդը աղջկան մոտ կանչեց. «Էն, ինչ որ դու կուտես, հայ տղային էլ կտաս»։ Աղջիկը գլխով արեց, բայց ոչինչ չհասկացավ հորից. «Երեկ հայրս կախած հայ կնոջը պահակ էր ինձ դարձրել, էսօր հայի տղա է փրկում»։ Հայրը հասկացավ աղջկա թաքուն շփոթմունքը և ապաշխարանքի քնքշությամբ շոյեց նրա գլուխը. «Հետո կհասկանաս»։
Քուրդը Համբոյի մեջ իր ու իր ընտանիքի փրկությունն էր որոնում. «Գոնե մի անգամ մարդ եղա, ու դա Աստված հաստատ կտեսնի և իմ մեղքը իմ զավակներին չի թողնի։ Չնայած ասում են՝ հայի Աստված հա՛մ կույր է, հա՛մ էլ՝ խուլ։ Բա էս էրեխեն էդքան գնդակների միջով ո՞նց անցավ, ժայռ ու քարափից ընկավ, չմեռավ։ Չէ՜, սրանց Աստված ուրիշ է, նա ինձ պիտի տեսնի ու պիտի լսի։ Ես բան ունեմ ասելու հայի Աստծուն։ Իմ էրեխեն մեղք չունի, իմ մեղք իմ էրեխեքից չպիտի հանի։ Մեղքերի համար էրեխեն ծնողի փոխարեն գոնե պիտի ապաշխարի, բայց ոչ պատասխան տա»։
Անկողնում կուչ եկած Համբոյի աչքերի առջև քարացել էին հրդեհված գոմի բոցերի մեջ գալարվող մայրն ու երկու եղբայրները։ Երբ տանիքի անցքից մի կերպ իրեն դուրս հրեցին, մի պահ հասցրեց ներքև նայել։ Իր փրկության համար մայրը կրակի միջից ժպտում էր՝ երկու զավակներին գրկած։ Ականջում մոր ձայնն է քարացել. «Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա»։ Եղբայրները ծխահար աչքերն էին տրորում։ Անծուխ սենյակում Համբոյի աչքերը մրմռացին, ոնց որ ծուխ լցվեց. տրորեց, չանցավ, նորից տրորեց։ Մրմուռին խառնվեց մոր վերջին պատգամը։ Քուրդը չհասկացավ, թե անծուխ սենյակում Համբոն ինչու էր աչքերը տրորում։ Չհասկացավ ինչու, բայց ինքն էլ ակամա ձեռքը աչքերին տարավ ու տրորեց։ Երևի ծուխ լցվեց։
Համբոն առավոտից հացին ձեռք չէր տվել։ Քուրդը դա նկատեց։ Փորձեց ճաշի ամանը մոտեցնել, որտեղից որտեղ հիշեց քարանձավի մուտքի մոտի երկու սովահար հայ մանուկներին։ Նրանք մեռած պապի միսն էին ուտում։ Երեխաները չզգացին իր մոտենալը։ Երկուսին էլ մի գնդակով սպանեց։ Քուրդը տաք օջախի կողքին ցուրտ զգաց, աչքերը սառեցին, մատներով շփեց, ուզեց պատկերը ջնջել, չհասցրեց։ Աչքերի առջև արդեն ծանոթ ջրաղացի քարն էր։ Երկու որբուկ, սովին չդիմանալով, քարանձավից փախել, եկել էին ավերակ ջրաղացը գոնե մի բուռ ալյուր գտնելու հույսով։ Ոչինչ չէին գտել, պառկել էին ջրաղացի հին քարին ու ցեխախառը ալյուրն էին լիզում։ Ցեխը ալյուրից շատ էր։ Երկուսին էլ սպանեց, արյունը ցեխոտ ալյուրի վրա բոքոնանման պատկեր նկարեց։ Երեխաների աչքերը սառած մնացին բոքոնի պատկերին։ Քուրդը, երեխաների ծակ գրպանները ստուգելուց հետո, գյավուրների ու նրանց Աստծու հասցեին թուրքավարի բառեր հիշեց ու գնաց նոր գյավուրներ փնտրելու։
Համբոյի ծանր հազը սթափեցրեց քրդին։ Նա ճաշի կավե ամանը դողացող ձեռքերով մոտեցրեց Համբոյին։
-Կե՛ր, հայի ղոչաղ տղա, կե՛ր, դու ինձ հիշեցրիր, որ ես էլ մարդ եմ, Աստծու ստեղծած։ Բայց հասկացիր, ես մեղավոր չեմ, ինձ մարդակեր գազան են դարձրել։
Համբոն նորից ծխից մրմռացող աչքերն էր տրորում, իսկ քուրդը կոկորդն էր փորձում ազատել անտեսանելի մատներից։
Քուրդը տնեցիներին մի քանի օր բացատրում էր իր հոգում կուտակվածը։ Թեև մի քիչ թերահավատորեն, բայց կինն ու զավակները տեսնում էին նրա այլափոխությունը։ Մի օր Համբոյին ջուր տալու պահին աղջկա աչքերում հայրը արցունքի կաթիլ նկատեց. «Փա՜ռք Աստծո, աղջիկս աղջիկ է դառնում»։
Հարևանները ամեն անգամ խորամանկ ժպիտով հասկացնում էին. «Հայի տղային փրկում ես, որ իսլամացնես ու ձրի հոտաղ դարձնես...»։
-Եթե հարևաններս միտքս գուշակեն, թուրքից պրծում չունեմ՝ գյավուրի եմ փրկում։ Ինձ ու իմ ընտանիքին էլ նրա հետ մատաղ կանեն,- վախից կծկվեց քուրդն ու թալանատենչ հարևանների կասկածները փարատելու ավելի համոզիչ ապացույցներ փնտրեց։
Մութը գրկել էր Ավզուտի փողոցները, տներն ու ծառերը։ Միայն հեռվում նշմարվում էր հայկական եկեղեցու գմբեթը։ Քուրդը զգուշորեն կողքերը նայեց ու դանդաղ շարժվեց գմբեթի կողմը։ Նա կիսայրված եկեղեցու դուռը կամաց հրեց, դանդաղ մոտեցավ խորանին։ Կյանքում խաչ հանած չկար, աղոթք չգիտեր։ Անողներին էլ ծաղրում էր ու հայհոյում։ Վերև նայեց, ճաք տված խորանից կիսալուսնի աղոտ մի շող ներս էր ընկել։ Կոկորդում քարացած թուքը դժվարությամբ կուլ տվեց, չգիտեր ոնց սկսել։ ՈՒզում էր ալլահին դիմել, բայց Ղուրանը հիշեց. մի պահ վարանեց, որ մուսուլմանի աստված իրեն չի ների էդ տեսակ թուլության համար։
-Երկու Աստծու ձեռ կրակն եմ ընկել։ Լսո՞ւմ ես, հայի Աստված, ինչո՞ւ ես քո ժողովրդին մենակ ու անտեր թողել, որ մենք էլ թուրքի ու գերմանացու հրամանով մարդասպան դառնանք, իրենք էլ մեզ հայրենիք, հայի տուն ու տեղ, թալան խոստանան։ Ես գիտեմ, որ հարյուր տարի էլ անցնի, մեղքը չի հալվի ու մաշվի։ Մեր էրեխեք ու թոռներ մի օր կապաշխարեն, թե չէ հուր հավիտյան քուն ու դադար չենք ունենա։ Որ չապաշխարենք, էդ զուլումը մի օր մեր գլխին կգա։ Մինչև ե՞րբ գազան մնանք։ Հայի Աստվա՛ծ, մի օր մի խելոք կարդացվոր հայ ինձ պատմեց, որ հայի ու մուսուլմանի աստված նույն բանն են ասում, բայց մարդիկ փոխում են Աստծու խոսքը ու իրենց ուզած ձևով վարվում։ Ես կուզեմ, որ իմ ժառանգներ հավիտենական մեղքի մեջ չտանջվեն։ Էն թուրքեր, որ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, ծանոթ հայերին թաքցրել են ասկյարից, նրանք էլ ինձ նման են մտածում, բայց հրաման տվողները շատ են ու չար։ Ես անգրագետ քուրդ եմ, բայց լսել եմ, որ էս զուլումի մեջ էդ ղախպա Եվրոպայի մատն էլ է խառը։ Պատերազմ է, ու շունը տիրոջը չի ճանաչում։ Թուրքի մեծամեծերն էլ էդ էին ուզում. գելի համար ամպ օրն եկավ։
Քրդի շունը աննկատ ներս էր մտել ու տիրոջ շարժումներին էր հետևում։ Բրազը գոռգոռացող ու անընդհատ հայհոյող տիրոջն այսքան հանգիստ ու խոնարհ երբեք չէր տեսել և զարմացած հետևում էր նրա անսովորությանը։ Շան զարմանքն ավելի մեծացավ, երբ իր տերը շատ հանգիստ շշնջաց. «Բրա՛զ, գնացի՛նք...»։
Առավոտ մութուլուսին գոմի դռան մոտ ցցվեց այն ջահել քուրդը, ով հայերով լցված գոմի կրակը վառեց։ Աչքերը փայլում էին, կարծես ուրախ լուր ուներ հայտնելու։
-Գիտե՞ս ինչ եմ իմացել։ Մեծ քարափի տակի քարանձավում մի քանի հայ ընտանիք է թաքնվել։ Գնանք խաբենք, որ կօգնենք իրենց ռուսի զորքին հասնելու, ոսկիները առնենք, հետո ասկյարներին իրենց տեղը հայտնենք։ Հիշո՞ւմ ես՝ անցած անգամ էդպես հիսուն ոսկի խլեցինք։
Քրդի աչքերը նախորդ անգամվա նման ուրախությունից չփայլեցին. ցանկանում էր գոռալ, որ էլ չի ուզում հարամ հաց ուտել, բայց լեզուն կծեց՝ ընկերը կարող է ասկյարներին պատմել, որ ինքը հրաժարվել է հայերին սպանելուց կամ նրանց տեղը մատնելուց։ Հազիվ շշնջաց. «Շատ վատ եմ, աչքերս մթնում են...»։
Կրտսեր քուրդը քմծիծաղ տվեց ու գնաց թալանի նոր ընկեր փնտրելու։
Ռուսաց զորքն արդեն Մուշում էր, վտանգը մեծանում է։
-Համբո՛, էս խուրջինում ուտելիք է, մեջը դրել եմ նաև մորիցդ խլած ոսկիները,- խեղդված ձայնով հազիվ շշնջաց քուրդը և հայացքը փախցրեց Համբոյի աչքերից։- Էս ճամփով ուղիղ գնա, կհասնես Մուշ։ Ռուսի զորքն էնտեղ է։ Քո մորն ու քո ախպերներին մենք վառինք, էդ մեղքը հուր հավիտյան մեր հոգու վրա է, ու մեզնից ավելի մեղավոր մեզ հրաման տվողն է։ Ամեն մարդ, ամեն ժողովուրդ ու ամեն իշխանություն մի օր իր մեղքերի համար իր պատիժը կստանա, վաղ թե ուշ՝ կստանա։ Թե մի օր քո սիրտ ինձ կների, իմ հոգին դժոխքի բաժին չի դառնա։ Գոնե իմ էրեխեք մեղքի մեջ չմնան։ Գնա՛, Աստված քու հետ, դու Աստծու պահած ես, հային մեռնել չկա։
Համբոն աչքերը տրորեց, գոմի ծուխը մրմռացնում էր։ Քուրդն էլ աչքերը տրորեց։ Նույն ծուխն էր։
Համբոն ինչքան հեռանում էր քրդից, քամին գոմի կողմից ավելի ուժեղ էր բերում իր մոր վերջին պատգամը. «Համբո՛, մատաղ էղնիմ քզի, մեր վրեժ չմոռնաս, հարյուր տարի էլ անցնի, մեր հոգին վրեժի կարոտ կմնա»։