Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է սիրում ասել, սոսկ տնտեսական միություն է, և Հայաստանի առջև այդ միությանն անդամակցելու դիմաց որևէ քաղաքական պայման չեն դրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Մոդեստ Կոլերովի փոխանցմամբ, Հայաստանին ներկայացված պահանջները տնտեսական են՝ 800-կետանոց «ճանապարհային քարտեզը»: Նույն պայմանները պետք է կատարեր նաև Ղրղզստանը, սակայն Ղրղզստանին, ի տարբերություն Հայաստանի, Մինսկում չընդունեցին, և դա «փոխզիջումային որոշում էր, քայլ առաջ դեպի Հայաստան, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանն էլ բոլոր «տնային աշխատանքները» դեռ չի ավարտել»:
Ինչ վերաբերում է ցավոտ հարցին՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետերին, նման կետեր լինելու են՝ համոզված է Կոլերովը: «Մաքսային ծառայության ներկայացուցիչն էլ անպայման լինելու է Հայաստանի և Ղարաբաղի միջև արդեն գոյություն ունեցող սահմանին»,- ասել է նա, սակայն ակնհայտ է, որ ղարաբաղյան արտադրությունը այսօր եվրասիական շուկա է դուրս գալիս հայաստանյան ապրանքի անվան տակ, և այդպես էլ շարունակվելու է: «Եթե այդ ապրանքի վրա նշված լինի, որ այն արտադրվել է Հայաստանում, որևէ խնդիր չի առաջանա»,- նշեց Կոլերովը:
Ռուսաստանցի փորձագետը ասաց նաև, որ Հայաստանը Եվրասիական միության լիիրավ անդամ է լինելու, որևէ հատուկ կացություն չի ունենալու: