ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բացառել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո հայկական երկու պետությունների միջև մաքսակետ կդրվի: «Բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև կան տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»,- օրեր առաջ անդրադառնալով այդ հարցին՝ ասել էր Ա. Հարությունյանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ս. Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումից հետո Մինսկում հայտարարել էր, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու բանակցությունների ընթացքում կարգավորվել են բոլոր իրավապահ և տնտեսական հարցերը: «Մեզ հաջողվեց հասնել փոխզիջման մի շատ նուրբ հարցում, թե ինչ սահմաններում է Հայաստանը անդամակցելու ԵՏՄ-ին»,- ասել է Նազարբաևը: ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դրվելու մասին հաճախ հայտարարում են Ռուսաստանի փորձագետները: Մաքսակետի հավանականության՝ թղթակցի հարցին ԼՂՀ վարչապետը պատասխանել է, որ ոչ միայն բացառվում է, այլև անհնարին է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև անցակետ լինի: «Չի լինելու, չի լինելու միանշանակ: Ես չգիտեմ, թե ռուսական քաղաքական դաշտում ինչ նշանակություն ունեն այդ մասին խոսող գործիչները, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ չի լինելու», ասել է վարչապետը և հիմնավորել. «Որովհետև առաջին հերթին դա անհնարին է: Ես նաև գիտեմ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»: