Արևմուտքի կողմից Ռուսաստանին ճնշելու փորձերը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, չեն նպաստում ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր գործընկերները պետք է գիտակցեն, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշման փորձերը՝ միակողմանի, անօրինական սահմանափակող քայլերով, չեն մոտեցնում կարգավորումը, այլ միայն բարդացնում են երկխոսությունը»,-ասել է Պուտինը սերբական պարբերականին տված հարցազրույցում: «Հույս ունենք, որ մեր գործընկերները կգիտակցեն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի անմտությունը, կհիշեն, թե խոշոր միջուկային տերությունների միջև տարաձայնությունները ինչով են հղի ռազմավարական կայունության համար»,- ասել է ՌԴ նախագահը: Վերջինս, միաժամանակ, հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական համագործակցության արևմտյան գործընկերների հետ:
Ինչ վերաբերում է ՈՒկրաինայի ճգնաժամին, ապա, ըստ Պուտինի, ՈՒկրաինայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է ներուկրաինական երկխոսություն՝ բոլոր քաղաքական ուժերի և շրջանների մասնակցությամբ, որի շրջանակում անհրաժեշտ է քննարկել երկրի սահմանադրական կառուցվածքը: