Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Վրաստանի ժողովրդին՝ կոչ անելով ստեղծել միասնական հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր քաղաքական պատկանելությունից և հայացքներից, կկարողանա արտահայտել երկրի ապագայի մասին իր պատկերացումները և համընդհանուր վերլուծության արդյունքում ստեղծել «երկրի և հասարակության զարգացման ամենաարդյունավետ մոդելը»։ «Միասնական հարթակ նոր օրվա համար»՝ նման վերնագրով ուղերձը Սաակաշվիլին հրապարակել է Facebook-յան էջում։
«Սիրելի հայրենակիցներ և ընկերներ։ Մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է մեր երկիրը հետ սողում անցյալ՝ դեպի այն ժամանակը, որը մենք բոլորս դառնությամբ հիշում ենք որպես քաոս, ավերածություն և անպատժելիություն։ Ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են, տնտեսությունը հենակների վրա է, կանգնեցվել են խոշոր շինարարությունները և ենթակառուցվածքային նախագծերը, բյուջեն կրկին դեֆիցիտի մեջ է, իրենց հիանալի են զգում «օրենքով գողերը», ովքեր արդեն վերականգնել են հսկողությունը բանտերում և հանցավոր աշխարհում»,- ասվում է Սաակաշվիլիի մանիֆեստում։
Նա հիշատակել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին որպես վրացական պետության զարգացման գլխավոր խոչընդոտ։ Բոլոր խնդիրների հիմքը նա համարում է այն իրողությունը, որ գործող իշխանությունները չունեն ապագայի պատկերացումներ՝ «չկա միասնական գաղափար, թե որտեղ և ինչպես պետք է սկսվի վաղվա օրվա լուսաբացը»։
Նախկին նախագահը կոչ է անում բոլորին, նույնիսկ քննադատաբար տրամադրված մարդկանց, սկսել «կարծիքների փոխանակման բաց և թափանցիկ գործընթաց»։
«Ես դիմում եմ ձեզ խնդրանքով՝ կիսվեք ձեր գաղափարներով և խորհուրդներով։ Գրեք Facebook-ի իմ էջում։ Իմ թիմի հետ միասին ես կծանոթանամ բոլորին, և ձեր առաջարկները վերլուծելու արդյունքում կառաջարկեմ քննարկման համար մեր երկրի նոր օրվա մասին պատկերացումը»,- գրել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչը թվարկում է 7 հիմնարար առաջնահերթություն, որոնց վրա պետք է կառուցվի նոր Վրաստանը՝ կրթություն, ազատ և պաշտպանված քաղաքացի, զարգացող տնտեսություն, ապակենտրոնացում, անհանդուրժողականությունից ազատ, ազգային, համերաշխ, ավանդույթների վրա հիմնված հասարակություն, եվրոպական Վրաստան, կայուն իշխանություն։
«Հուսով եմ՝ իմ կարծիքին կգումարվեն ձեր խորհուրդները, և մենք միասին կստեղծենք Վրաստանի նոր օրվա մանիֆեստը՝ նոր Վրաստանի գաղափարը»,- եզրափակել է նախկին նախագահը։