Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի երկու ազդեցիկ մարդիկ՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, միաժամանակ հարցազրույցներ են տվել՝ տարբեր հռետորաբանությամբ ու լուծումներով:
Պատրուշևը խոսել է «սառը պատերազմի» տրամաբանությամբ՝ ԱՄՆ-ի ու Արևմուտքի մեջ տեսնելով թշնամուն:
Կանադական CNBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անհամեմատ ավելի լիբերալ են վարչապետ Մեդվեդևի գնահատականները: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կվերադառնան երկխոսության ու համագործակցության հարթություն:
Այս հակասության ֆոնին երկու վարկած կարող ենք առաջ քաշել.
ա) տնտեսական ճգնաժամը, արևմտյան պատժամիջոցները, նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը, կապիտալի արտահոսքը լուրջ տարաձայնություններ են ծնել Պուտինի շրջապատում. «ուժայիններն» իրենց լավ են զգում կոնֆրոնտացիոն ռեժիմում, իսկ, պայմանական ձևակերպենք, լիբերալները փորձում են «բեռնաթափել» այն լարվածությունը, որ կա Արևմուտքի հետ հարաբերություններում:
բ) Պատրուշևն ու Մեդվեդևը սպասարկում են նույն խաղը ու կատարում են Պուտինի հանձնարարությունը և տարբեր հռետորաբանությամբ փորձում են ազդել Արևմուտքի քաղաքականության վրա:
Հեռուն գնացող վերլուծություններ կարող ենք անել ապագայում՝ ավելի համապարփակ տեղեկատվություն ունենալով ռուսական քաղաքական անցուդարձից:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ