«Ադրբեջանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունի թե տնտեսական, թե մարդասիրական ոլորտներում։ Մենք միշտ առանձնահատուկ նշանակություն ենք տվել երկկողմ հարաբերություններին»՝ լրագրողներին հայտարարել է Միլլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի նաև Եվրամիության ու Եվրախորհրդարանի հետ։ «Մենք տարբերություն չենք դնում և չենք փորձում ավելի սերտ հարաբերություններ հաստատել որևէ մեկի հետ։ Ադրբեջանը գտնվում է զարգացման այնպիսի փուլում, երբ մեր երկրի նկատմամբ բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետաքրքրությունը մեծացել է։ Անկասկած, մենք արտաքին քաղաքականությունը կառուցում ենք ազգային շահերի վրա»։
Անդրադառնալով Մաքսային միություն՝ Ադրբեջանի չմտնելու պատճառներին, Զ. Ասկերովը նշել է, որ իր երկիրը գերապատվությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ «Մենք չենք կարող որևէ միության անդամ դառնալ Ղարաբաղի պատճառով։ Այդ հարցում առևտուրն անհնարին է։ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարող յոթ շրջանները բուն ադրբեջանական տարածքներ են։ Մենք ոչ մեկի առաջ պայման չենք դրել որևէ միություն մտնելու համար, որպեսզի հետո Ղարաբաղը մեզ հանձնեն»,- ասել է նա։