Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 17-ին պատասխանել է նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու քննադատությանը, հայտարարելով, որ ոչ մի դիտողություն չի ընդունի այն մարդուց, որը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ:
Սահակաշվիլին հոկտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում Ղարիբաշվիլուն որակել է որպես «Վրաստանի կառավարության ձևական ղեկավար»: Սահակաշվիլու քննադատության առարկա է դարձել «Աբխազիան պայքարում է իր ինքնորոշման համար» վարչապետի ձևակերպումը, որը, նրա կարծիքով, «ծանրագույն հարված է հասցնում մեր երկրի ամբողջականությանը և անարգում հանուն Վրաստանի զոհված հերոսների հիշատակը»:
«Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, թանկագին բարեկամներ, որ մենք երբեք ոչ մի մեղադրանք չենք ընդունի այն մարդուց, որը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա ընդգծել է, որ անընդունելի է այն մարդու քննադատությունը, որի կառավարման ժամանակ «շարունակաբար կտտանքների էին ենթարկում մարդկանց, և խախտվել է Վրաստանի ամբողջականությունը»:
«Հենց նրա անխոհեմ քաղաքականության պատճառով Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան: Նրա չկշռադատված քաղաքականության հետևանքն է, որ այսօր մեր տարածքների 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից: Եվ այդ մարդն այսօր հայտնվում է ու մեզ խելք է սովորեցնում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: