«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արևելյան հարևանության քաղաքականության Հունգարիայի դեսպան Գաբոր Բրոդին ասել է, որ ԵՄ-ն բաց է պահում Հայաստանի հետ հարաբերությունների բոլոր տարբերակները: «Մենք հարգում ենք ՀՀ իշխանությունների ինքնիշխան որոշումը, և եթե ՀՀ իշխանությունները որոշեն շարունակել հարաբերությունները արդեն եղած բանակցությունների արդյունքների հիման վրա, կարող ենք ձևավորել նոր համաձայնագիր: Հիմքում պարտադիր չէ, որ լինի քաղաքական համագործակցությունը, կարող է լինել ոլորտային համագործակցություն, փոխանակումներ և այլն: Անկեղծ ասած, այս այցի նպատակն է հասկանալ, լսել ՀՀ կառավարությանը, լսել քաղաքացիական հասարակությանը, ուսանողներին և հասկանալ իրավիճակը»,- ասել է դեսպանը:
«ԵՄ-ն կաջակցի՞ Հայաստանին ազատվելու Ռուսաստանից կախվածությունից և ԵՄ-ի հետ ազատ հարաբերություններ կառուցելու ճանապարհին» հարցին ի պատասխան Գաբոր Բրոդին ասել է. «Երկարաժամկետ ապագայում ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք լուծել բոլոր քաղաքական խնդիրները, որ և հօգուտ Ռուսաստանի է, և ԵՄ-ի, և գործընկեր երկրների: Սա է մեր նպատակը, որի համար աշխատում ենք»: Նա ճշտել է, որ Ասոցացման համաձայնագիրը ԵՄ անդամակցություն չէ և կապ չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ: Ստեղծված իրավիճակը Բրոդին անվանել է մարտահրավեր թե ՌԴ-ի, թե ԵՄ-ի համար, և հույս է հայտնել, որ քաղաքական լուծում կգտնվի: «Լուծումը հետևյալն է, որ ՈՒկրաինան գնա իր ինքնիշխան որոշման ճանապարհով, Հայաստանը գնա իր ինքնիշխան որոշման ճանապարհով, Ռուսաստանը կարող է ԵՄ-ի հետ ունենալ սերտ առևտրական, տնտեսական և քաղաքական հարաբերություններ: Ես սրան եմ հավատում, և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է դեսպանը: