ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտել Ռուսաստանի հետ, ընդհակառակը, ցանկանում է գլոբալ խնդիրները լուծել միասին: «Մենք, իհարկե, չենք ձգտում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ աշխատել այս աշխարհի հիմնախնդիրների վրա, հուսով ենք, որ Ռուսաստանը դա նույնպես կհասկանա»,-ասել է նա ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հոկտեմբերի 22-ին Բեռլինում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
Քերին և Շտայնմայերը կարևորել են ՈՒկրաինայի ճգնաժամի կարգավորման Մինսկի համաձայնագիրը կենսագործելու անհրաժեշտությունը, որտեղ մեծ է Գերմանիայի միջնորդական դերը: Շտայնմայերն ընդգծել է, որ ներկայիս սերունդը պետք է ամեն ինչ անի՝ կանխելու Եվրոպայի նոր բաժանումը: «Մեր սերնդի վրա է պատասխանատվությունը՝ անելու այնպես, որ Եվրոպայի նոր բաժանում այլևս չլինի:
Մենք պետք է բոլոր ուժերը գործադրենք, որպեսզի նախագահ Պորոշենկոյի և նախագահ Պուտինի միջև Մինսկում կնքված համաձայնագրից հետո առաջին ծանր քայլերն իրոք իրականացվեն»,- ասել է նա:
«Մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները, որ պահպանվի ՈՒկրաինայի միասնությունը, որ սահմանների անվտանգության ապահովումն իրականացվի տեխնիկական դիտարկմամբ, օրինակ՝ դրոնների միջոցով, և որպեսզի բուֆերային գոտին, որի ստեղծման շուրջը համաձայնություն Է ձեռք բերվել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև, ծառայի զորքն ու զենքը վերջնականապես դուրս բերվելուն»,- հայտարարել է նախարարը: