Էբոլայի վիրուսի դեմ պատվաստանյութը մշակվել է դեռևս տասը տարի առաջ՝ Կանադայի և ԱՄՆ-ի գիտնականների կողմից, սակայն դեղագործական ընկերությունների՝ պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրության պակասը թույլ չի տվել անցնել կլինիկական փորձարկումների: Այս մասին հաղորդում է New York Times-ը: Պարբերականը մեջբերել է Nature հանդեսի 2005 թվականի հաղորդագրությունը: Հրապարակման մեջ նշվել է, որ գիտնականներին հաջողվել է Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ, որն ապացուցել է իր արդյունավետությունը կենդանիների վրա: Այն ժամանակ գիտնականները կարևորել են պատվաստանյութի հայտնաբերումը և հույս հայտնել երկու տարվա ընթացքում անցնել պատվաստանյութի փորձարկումներին մարդկանց վրա, իսկ 2010-2011 թվականներին՝ ավարտել արտոնագիր ստանալու գործընթացը: Սակայն, ինչպես գրում է New York Times-ը, քանի որ այն ժամանակ Էբոլան հազվադեպ հանդիպող հիվանդություն էր, դեղագործական ընկերությունների մեծ մասը հրաժարվել է խոշոր գումար ծախսել մի պատվաստանյութի վրա, որը պահանջարկ կունենար նվազ վճարունակ երկրներում: