«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փարիզյան բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:
«Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկել էր Ֆրանսուա Օլանդը դեռ մայիսին տարածաշրջան իր այցելության ժամանակ, և որոնք ողջունել էին նաև եռանախագահները»,- ասել է ԱԳ նախարարը:
«Մեր մոտեցումները նույնն են, ինչ եռանախագահների մոտեցումները։ Այդ կարգի վստահության միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում»,- կարծում է Էդվարդ Նալբանդյանը: Նա ճշտել է. «Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք այլ ծայրից են, այսպես ասենք, մոտենում, որովհետև կարծում են, որ բանակցությունների առաջընթացը կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար։ Բնականաբար, դա մի փոքր տարբեր մոտեցում է, բայց դա հայտնի մոտեցում է, որ եղել է նաև նախկինում»։
Ըստ նախարարի՝ հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային, միջազգային խնդիրներին, «բավական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել»։
Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին բանակցությունները կազմակերպելու համար: «Վերջին երեք ամսում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը և շեշտել. «Մենք բարձր ենք գնահատում բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և հնարավորություն՝ մոտեցնել դիրքորոշումները»։